ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԵՐՏԵԼՈՎ ԱՌԱՍՊԵԼԸ
04 Նոյեմբեր 2013
Աբու-Դաբի գալով արդեն պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ քառակի չեմպիոնի կարգավիճակով՝ Սեբասթիան Ֆեթելն անցկացրեց հերթական ցուցադրական Գրան-Պրին՝ կրկին հաղթանակի ոչ մի հնարավորորթյուն չտալով մրցակիցներին: Թվում է՝ գերմանացին որոշել է խփել բոլոր հնարավոր ռեկորդները քանի դեռ այդ թույլ են տալիս մեքենայի հնարավորությունները, քանի որ դեռևս պարզ չի՝ ինչ մարզավիճակ կունենա Red Bull-ը 2014թ. ռեգլամենտի փոփոխությունից հետո:
Մինչ դեռ ուիկ-էնդը բավականին ծանր էր թե Ֆեթելի, թե այլ մրցարշավորդների համար: Աբու-Դաբիի Գրան-Պրիի առանձնահատկությունները թիմերի առջևի ծառացնում են բազում լուրջ խնդիրներ, որոնք առաջին հերթին կապված են այն հանգամանքի հետ, որ մրցավազքն սկսվում է ցերեկային պայմաններում, իսկ ավարտվում՝ արդեն մթության մեջ: Դա նշանակում է, որ մրցավազքի ընթացքում զգալիորեն նվազում է մրցուղու ասֆալտային ծածկի ջերմաստիճանը, և դրան համապատասխան փոխվում է նաև անվադողերի աշխատանքի արդյունավետությունը: Իսկ ինչպես հայտնի է՝ այս մրցաշրջանում հենց անվադողերի գործոնն է հաճախ որոշիչ դառնում հաղթողին որոշելու հարցում: Բացի այդ Աբու-Դաբիում միայն ուրբաթ օրվա երկրորդ ազատ մրցելույթներն են անցնում որակավորման և զուտ մրցավազքի պայմաններին մոտիկ պայմաններում, ինչը դժվարեցնում է անվադողերի ընտրությունը թիմերի համար:
Pirelli-ին Էմիրություններ էր բերել Soft և Medium անվադողերը՝ նույն այն տեսակները, որոնք օգտագործվել էին մեկ շաբաթ առաջ՝ Հնդկաստանում: Քանի որ փափուկ անվադողերն գրեթե 1.5 վայրկյանով ավելի արագ էին՝ թիմերի մեծամասնությունը հենց դրանք ընտրեց որակավորման փուլի համար: Առաջին սեգմենտից հետո, որտեղ հաղթող ճանաչվեց Լյուիս Հեմիլթոնը, պայքարից դուրս մնացին Caterham և Marussia թիմերը և դրանց ընկերակցած Սութիլն ու Գուտյերեսը՝ Կոնստրուկտորների Գավաթի 6-րդ հորիզոնականը վիճարկող Force India և Sauber թիմերի մրցարշավորդները:.
Երկրորդ սեգմենտն անցավ մթնշաղի պայմաններում. միացվեց արհեստական լուսավորությունը: Ասֆալտը սկսեց սառչել, պիլոտների ցուցադրած արդյունքները շատ խիտ էին: Առաջին անգամ որակավորման եզրափակիչ սեգմենտից դուրս մնաց Ֆերնանդո Ալոնսոն: Իսպանացին 11-րդն էր՝ առաջ անցնելով դի Ռեստայից, Բաթոնից, Վերնից և Williams-ի երկու մրցարշավորդներից:
Որակավորման երրորդ հատվածն անցավ մթության պայմաններում: Եվ այստեղ հաջողությունը թեպետ հենց Red Bull-ի կողմն էր, սակայն ջպտաց որ թե չեմպիոնին, այլ նրա թիմակից՝ Մար Ուեբբերին: Ավստրալացին մեկ տասներորդական վայրկյանով առաջ անցավ Ֆեթելից: Մեկնարկային դաշտի երկրորդ գիծն ամբողջությամբ գրավեցին Mercedes-ի պիլոտենր՝ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը: Հինգերորդ արդյունքը ցույց տվեց Կիմի Ռայկկոնենը, ով սակայն հետագայում որակազրկվեց՝ տեխնիկական պահանջներին անհամապատասխան բոլիդով մրցուղի դուրս գալու պատճառով: Արդյունքում ֆինլանդացին ստիպված էր
մեկնարկել վերջինը:
Մրցավազքից առաջ հիմնական հուզող հարցերից էր ակնկալվող փիթ-ստոպերի քանակը: Շատերը կարծիք էին հայտնում, որ մեկ փիթ-ստոպը կարող է ամբողջովին բավարար լինել մրցավազքի ողջ տարածությունը հաջողությամբ հաղթահարելու համար: Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս մոտեցումը իրականացվեց միայն Force India թիմի մրցարշավորդների համար, որոնք դրանով իսկ կարողացան թե ինչ-որ չափով նվազեցնել անհաջող որակավորման հետևանքները, թե՝ ըստ էության զգալիորեն ազդեցին ուժերի ընդհանուր դասավորվածության վրա, քանի որ ավելի արագ պիլոտներն ստիպված էին ժամանակ կորցնել՝ Սութիլի և դի Ռեստայի հետևում հայտնվելիս:
Մրցավազքի մեկնարկն ավելի քան կանխատեսելի ստացվեց: Արդեն առաջին շրջադարձում Ֆեթելն ու Ռոսբերգը շրջանցեցին մի պահ հապաղած Ուեբբերին՝ դուրս գալով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղ: Պելոտոնի ետնամասում Ռայկոնենը ընդհարվեց վան դեր Գարդեի բոլիդին, ինչի հետևանքվ ստիպված էր լքել մրցուղին՝ չանցնելով նույնիսկ մեկ սեկտոր: Որոշ վնասվածքներ ստացավ նաև Ջենսոն Բաթոնի McLaren-ը, ինրն ըստ էության կանխորոշեց նրա հետագա անհույս պայքարը մրցանակյին գոտուց դուրս: Ինչպես
և նախորդ մի քանի մրցափուլերում արդեն մեկնարկից հետո Ֆեթելը յուրաքանչյուր շրջանին գրեթե մի վայրկյանի առավելություն ուներ մոտակա մրցակիցների հանդեպ: Հենց այդ պահից սկսած թիմն անընդհատ խնդրում էր նորաթուխ չեմպիոնին գցել տեմպն ու խնայել անվադողերը, սակայն Սեբը, կարծես, որոշել էր ինքն իրեն մարտահրավեր նետել՝ մեկը մյուսի հետևից լավագույն շրջաններ գրանցելով: Այդպիսով առաջին շրջանի առաջին շրջադարձից մինչև եզրագիծը հատելը Ֆեթելը ոչ մեկին չզիջեց առաջատարի դիրքը՝ նույնիսկ բոքսեր այցելելու շրջաններին: Մրցավազքը երկրորդ տեղում ավարտեց Մարկ Ուեբբերն՝ ապահովելով Red Bull-ի հերթական դուբլը: Ամբողջ մրցավազքը կայուն անցկացրած Ռոսբերգը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, ինչի հաշվին Mercedes-ը կարողցավ մի փոքր մեծացնել թիմային հաշվարկում Ferarri-ի նկատմամբ մինչ այդ ունեցած առավելությունը: Ռոման Գրոժանի չորրորդ տեղը դարձավ աննշան սփոփանք Lotus թիմի համար, մանավանդ Ռայկկոնենի անախորժությունների և ֆինլանդացու աշխատանքային պայմանագրի հետ կապված բարդ իրավիճակի ֆոնին:
Ֆորմուլա 1-ն ընդմիջում է վերցնում երկու շաբաթով: Մրցաշրջանի նախավերջին փուլը կկայանա ամերիկյան Օսթինում նոյեմբերի 17-ին: