ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՆԴԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ՝ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
27 Հոկտեմբեր 2013
Ամառային ընդմիջումից հետո թափ հավաքած "Սեբասթիան Ֆեթել” անվանումով ճեպընթացը առանց ավելորդ ճիգերի հասավ Հնդկաստանի Գրան-Պրիի հաղթական եզրագծին՝ դրանով իսկ գրանցելով Արքայական մրցարշավների նոր ռեկորդ: Գերմանացին դարձավ ամենաերիտասարդ քառակի չեմպիոնը պատմության մեջ՝ միևնույն ժամանակ հաղթանակ պարգևելով նաև Red Bull թիմին: Մեկնարկելով փոուլից՝ Սեբն արդեն ավանդական դարձաց եղանակով արագ պոկվեց մրցակիցներից, առաջատարի դիրքը լքելով միայն փիտ-ստոպերի ժամանակ: Այժմ մրցակիցները գուշակում են՝ երբ կավարտվի Ֆեթելի դարաշրջանը…
Արդեն ուրբաթ պարզ դարձավ, որ Ֆեթելը չի պատրաստվում հետաձգել չեմպիոնության ֆորմալ ձևակերպումը: Նա առաջատարն էր բոլոր երեք ազատ մրցավազքերում` արդյունավետ օգտագործելով նախապատրաստական ժամանակահատվածը, մասնավորապես հարմարվելով Pirelli-ի առաջարկած Soft և Medium անվադողերի աշխատանքին: Ավելի փափուկ կազմով անվադողերը արագ դուրս էին գալիս շարքից, այդ պատճառով շատ կարևոր էր՝ ընտրել ճիշտ մարտավարություն շաբաթ և կիրակի օրերի համար:
Ի զարմանս շատերի որակավորման առաջին հատվածի առաջատարը Ջենսոն Բաթոնն էր՝ McLaren-ով: Հաշվի առնելով բրիտանական թիմի անփառունակ ելույթներն այս մրցաշրջանում՝ սա կարելի է իսկական նվաճում համարել: Լուրջ սխալ գործեցին Lotus-ի հրամանատարական կամրջակում՝ Գրոժանին թողնելով Medium անվադողերով: Արդյունքում ֆրանսիացին դուրս մնաց հետագա պայքարից՝ միանալով Պասթոր Մալդոնադոյին և Caterham ու Marussia թիմերին:
Ֆեթելը պատասխանեց երկրորդ հատվածի լավագույն ժամանակով, իսկ երրորդ փուլին մասնակցելու հնարավորությունը կորցրեցին Ռիկյարդոն, Դի Ռեստան, Սութիլը, Վերնը, Բոթասն ու Գուտյերեսը:
Որակավորման փուլի երրորդ սեգմենտում Ֆեթելը լավագույն արդյունքը ցույց տվեց արդեն իսկ առաջին արագ շրջանին: Մնացաց մրցակիցները ստիպված էին պայքարել միայն արձանագրության երկրորդ հորիզոնականի համար, որն ի վերջո բաժին հասավ Նիկո Ռոսբերգին՝ Mercedes-ով: Նրան հետևեցին համապատասխանաբար Հեմիլթոնը, Ուեբերը, Մասսան, Ռայկոնենը, Հյուլկենբերգն, Ալոնսոն, Պերեսն ու Բաթոնը:
Կիրակի Ուեբբերն, Ալոնսոն, Պերեսը և Բաթոնը մեկնարկեցին Medium անվադողերով, ինչը խոստանում էր հետաքրքիր մարտավարական պայքար պելոթոնի վերին հատվածում: Մեկնարկին Ֆեթելը պահպանեց առաջատարի դիրքը, մինչ դեռ նրա հետևում միմյանց բախվեցին Ալոնսոյի, Ռայկոնենի և Ուեբերի բոլիդները, որից հետո Ալոնսոն հարվածեց նաև Բաթոնին, ինչը փչացրեց երկուսի էլ ընտրած մարտավարությունը: Միևնույն ժամանակ Մասսան ագրեսիվ կերպով շրջանցեց երկու Mercedes-ները և դուրս եկավ երկրորդ տեղ: Փիթ-ստոպերի առաջին ալիքն սկսվեց արդեն երկրորդ շրջանին: Ֆեթելը անվադողերը փոխեց երրորդին՝ ազատվելով փափուկ տեսակից: Հիմնական մրցակիցների փիթ-ստոպերից հետո Սեբը հայտնվեց Ուեբերի և Պերեսի հետևում, ովքեր դեռևս չէին այցելել բոքսեր: Օգտվելով արագության և թարմ անվադողերի առավելությունից՝ գերմանացին բավականին արագ հասավ մեքսիկացու McLaren-ին և 21-րդ շրջանին հեշտությամբ շրջանցեց նրան:
Քառասուներորդ շրջանին ճակատագրից հերթական տհաճ նվերն ստացավ Մարկ Ուեբերը: Գեներատորի անսարքության պատճառով ավստրալացին ստիպված էր կանգնեցնել իր Red Bull-ը մրցուղում՝ ընտրելով առավել անվտանգ գոտի՝ խուսափելու համար անվտանգության մեքենայի դուրս գալուց: Սա Մարկի արդեն երրորդ անախորժությունն էր վերջին չորս Գրան-Պրիներում:
Իսկ այդ ընթացքում Ուեբերի թիմակիցը, մեկը մյուսի հետևից արագ շրջաններ գրանցելով, մոտենում էր եզրագծին: Հինգերորդ տեղի համար պայքարում Պերեսը կարողացավ շրջանցել Հեմիլթոնին և Ռայկոնենին՝ ցույց տալով մրցաշրջանում իր լավագույն արդյունքը: Մրցանակային գոտում ի ուրախություն տեղացի երկրպագուների հայտնվեցին նաև Force India-ի երկու մրցարշավորդները՝ Փոլ դի Ռեստան և Ադրիան Սութիլը, ինչպես նաև Դեն Ռիկյարդոն՝ Toro Rosso-յով, ով շրջանցեց Ֆերնանդո Ալոնսոյին:
Եզրագիծը հատելուց հետո աշխարյի արդեն իսկ քառակի չեմպիոն՝ Սեբասթիան Ֆեթելը գեղարվեստական հնարքներ էր ցուցադրում հանդիսատեսներին՝ տոնելով իր անհավանական հաջողությունը, իսկ հետո, մեքենան թողնելով, հեռացավ, ինչի համար թիմը տուգանվեց: Սակայն ակնհայտ է, որ դրամական տուգանքը չէր կարող ստվերել հաղթողի ոսկե սաղավարտի շլացուցիչ փայլը:
Թիմային հաշվարկի հաղթողի Գավաթը ստացավ ինքը՝ Էդրիան Նյուին, վերջին տարիներին Red Bull-ի հաղթանակների ոգեշնչողն ու կերտողը: Սա հանճարեղ կոնստրուկտորի արդեն տասներորդ թիմային գավաթն էր:
Այսպիսով մնացած երեք Գրան-Պրիները կորոշեն միայն պատվավոր տեղերի ճակատագիրը: Եվ այդ պայքարը խոստանում է լինե ոչ պակաս գրավիչ: