ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿ` ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
14 Հոկտեմբեր 2013
Red Bull թիմն, ըստ երևույթին առաջնորդվելով "Երկաթը տաք-տաք են ծեծում” կարգախոսով, հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ անց կացրեց Ճապոնիայի Գրան-Պրին: Սեբասթիան Ֆեթելն ու Մարկ Ուեբերը ոչ միայն առաջին երկու հորիզոնականները գրավեցին որակավորման ընթացքում, այլև թիմին մրցաշրջանում առաջին հաղթական դուբլը պարգևեցին: Ընդ որում ավստրալացին, առաջ անցնելով թիմակցից, նվաճեց առաջին հորիզոնականը: Սակայն Ֆեթելը պատասխանեց ֆենոմենալ վարումով և հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում:
Չնայած այն հանգամանքին, որ Սուզուկայի մրցուղին աչքի է ընկնում արագությամբ` այստեղ վազանցնելը բավականին դժվար է: Հենց այդ պատճառով էլ ավելի կարևոր է դառնում որակավորման ժամանակ ցույց տրված արդյունքը, ինչը շատ դեպքերում կանխորոշում է իրադարձությունների հետագա ընթացքը: Այս տարի որակավորման բացարձակ ֆավորիտ էր համարվում վերջին չորս տարիներին այստեղ փոուլից մեկնարկած Ֆեթելը` նույնիսկ չհաշված դեռևս շաբաթ առավոտից KERS համակարգի անսարքությունները: Եվս մեկ կարևոր գործոն կարող էին դառնալ անվադողերը: Սակայն Pirelli-ի բերած կոշտ և միջին կազմերը այնքան էլ չէին տարբերվում արագային բնութագրերով: Հենց այդ պատճառով էլ պիլոտների մեծամասնությունը գերադասեցին ավելի արագ Medium անվադողերը պահպանել որակավորման երկրորդ և երրորդ հատվածների համար:
Առաջին հատվածն իր հերթին առանձնացավ մի քանի հրդեհներով: Նախ, թեթև բռնկում նկատվեց Sauber թիմի բոքսերում, երբ սկսեցին այրվել Էսթեբան Գուտյերեսի մեքենայի հետնամասում կուտակված վառելիքի գոլորշիները: Սակայն թիմի անձնակազմը արագորեն կարողացավ մարել կրակը: Էլ ավելի տպավորիչ էր Ժակ-Էրիկ Վերնի բոլիդի վրա ծագած հրդեհը: Արագ շրջան կատարելու ժամանակ սառեցման համակարգի խափանման հետևանքով բռնկվեցին ֆրանսիացու Toro Rosso-ի արգելակները: Հրշեջներն օպերատիվ կերպով հանգցրեցին մեքենան, սակայն որակավորման առաջին հատվածը կանգնեցվեց մինչև հրդեհի հետևանքների ամբողջական վերացումը: Արդյունքում սեսիայի վերսկսումից հետո հետագա պայքարից դուրս մնացին Ադրիան Սութիլը`Force India-ից, ինքը` Ժակ-Էրիկ Վերնը, ինչպես նաև Caterham ևMarussia թիմերի պիլոտները:
Որակավորման երկրորդ հատվածից հետո պայքարն ավարտեցին Williams-ի մրցարշավորդներն, ինչպես նաև Սերխիո Պերեսը, Փոլ դի Ռեստան, Գուտյերեսն ու Ռիկյարդոն: Իսկ երրորդ սեգմենտում բոլորց հաջող ելույթ ունեցավ Մարկ Ուեբբերը` հաղթելով 1.30.915 ցուցանիշով: Սեբասթիան Ֆեթելն այս անգամ միայն երկրորդն էր` շրջանցելով Լյուիս Հեմիլթոնին և Ռոման Գրոժանին:
Հենց Գրոժանը հիանալի մեկնարկեց կիրակի` անմիջապես չորրորդ տեղից ստանձնելով առաջատարի դիրքը: Նրա հետևում միմյանց հպվեցին Ֆեթելն ու Հեմիլթոնը, ինչի արդյունքում բրիտանացու Mercedes-ը վնասվածքներ ստացավ, ինչն էլ ստիպեց Լյուիսին 8-րդ շրջանին դադարեցնել հետագա պայքարը: Ընդհանուր առմամբ մրցափուլն այնքան էլ հարուստ չէր վառ կամ հիշարժան պահերով: Որոշիչ գործոն հանդիսացավ թիմերի ռազմավարությունը և նրանց հստակ աշխատանքը պիթ-ստոպերի ժամանակ: Այսպես, հերթական խնդիրները ծագեցին McLaren-ի բոքսերում, ինչի հետևանքով "տուժեցին” թիմի երկու մրցարշավորդները. նախ` Ջենսոն Բաթոնը, հետո էլ` նաև Սերխիո Պերեսը: Պիթ-ստոպերի տարբեր ռազմավարությունը պատճառ դարձավ, որ հերթական անգամ անվադողերը փոխելուց հետո` մրցավազքի առաջատար Գրոժանը մրցուղում հայտնվեց Ուեբբերի հետևում, ինչից էլ անմիջապես օգտվեցին Red Bull-ում: Ֆեթելի ավելի երկար երկրորդ հատվածը թույլ տվեց վերջինիս ավելի թարմ անվադողերով ոչ միայն հասնել ֆրանսիացու Lotus-ին, այլև գեղեցիկ մանևրով շրջանցել նրան: Երբ Ուեբբերն այցելեց բոքսեր` մրցավազքի ճակատագիրն, ասես, վճռվեց: Օպերատիվ տարածք ստանալով` Ֆեթելը գերազանց անցկացրեց մինչև եզրագիծ մնացած շրջանները և վերջնականապես թաղեց չեմպիոնական տիտղոսների համար պայքարում դեռևս առկայծող ինտրիգը: Սա գերմանացու հինգերորդ անընդմեջ և մրցաշրջանում արդեն իններորդ հաղթանակն էր: Երկրորդ տեղը գրաված Ուեբբերը թույլ տվեց թիմին վաստակել հնարավորինս առավելագույն միավորները, ինչը նույնպես գրեթե կանխորոշում է ավստրիական թիմի հաղթանակը Կոնստրուկտորների Գավաթում: Ռոման Գրոժանը բավարարվեց երրորդ տեղով: Բավականին հաջող կարելի է համարել Sauber թիմի մրցելույթը. Նիկո Հյուլկենբերգն ու Էսթեբան Գուտյերեսը գրավեցին համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղերը, ինչը շնորհիվ թիմը բարելավեց իր դիրքերը ընդհանուր հաշվարկում, իսկ մեքսիկացին վաստակեց առաջին միավորները: Մրցանակային տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև Ֆ.Ալոնսոն, Կ.Ռայկկոնենը, Ն.Ռոսբերգը, Ջ.Բաթոնն ու Ֆ.Մասսան:
Երկու շաբաթից կկայանա Հնդկաստանի Գրան-Պրին, որտեղ Սեբասթիան Ֆեթելը կարող է չորրորդ անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնական տիտղոսը: Հետևեք իրադարձություններին մեզ հետ միասին: