Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՓՈԹՈՐԻԿ ՍՊԱՍԵԼԻՍ
07 Հոկտեմբեր 2013

Անցած հանգստյան օրերին կայացած Կորեայի Գրան-Պրին նշանավորվեց Red Bull Racing թիմի և Սեբասթիան Ֆեթելի դեպի հաղթանակ կատարած հերթական քայլով:Չոր եղանակային պայմաններում անցկացված մրցավազքում գերմանացին ոչ մի շանս չթողեց մրցակիցներին` հերթական անգամ ապացուցելով առաջնության երկրորդ հատվածում իր ունեցած ահռելի առավելությունը:

Ուկ-էնդի մեկնարկից առաջ օդերևութաբանները խոստանում էին լուրջ տեղումներ` Կորեային մոտենում էր հզոր թայֆուն: Նույնիսկ մինչև որակավորման փուլը շատ թիմեր դիտարկում էին ռազմավարության և մարտավարության մի քանի տարբերակներ` հիշելով 2010թ. մրցավազքը, երբ մրցարշավորդները ստիպված էին մի քանի տասնյակ շրջան անցնել անվտանգության մեքենայի հետևից:

Որակավորումը ցույց տվեց, որ Pirelli-ի առաջարկած անվադողերը բավականին հուսալի են, սակայն դրանք դժվար է տաքացնել: Այդ պատճառով շատերը գերադասեցին անցնել ընդամենը մեկ արագ շրջան յուրաքանչյուր հատվածում: Արդյունքում առաջին հատվածից հետո պայքարից դուրս մնացին Williams, Caterham և Marussia թիմերն` ամբողջ կազմով: Հետաքրքրաշարժ է, որ Վալթերի Բոթասը գերազանցեց թիմակցին` ավելի փորձառու Պաստոր Մալդոնադոյին:

Երկրորդ հատվածում բոլոր մրցարշավորդները մրցուղի դւորս եկան Supersoft անվադողերով: Պայքարը թեժ ստացվեց, մարզիկները մեկը մյուսի հետևից բարելավում էին ցուցանիշները, իսկ երրորդ սեգմենտի արգելքը չհաղթահարեցին McLaren, Toro Rosso և Force India թիմերի ներկայացուցիչները: Ընդ որում, ինչպես և Williams-ի դեպքում, ավելի տիտղոսավոր Ջենսոն Բաթոնը զիջեց իր նորեկ թիմակից` Սերխիո Պերեսին: Միևնույն ժամանակ իրենց լավ մարզավիճակն ապացուցեցին Sauberթիմի մրցարշավորդները` ամբողջ կազմով անցնելով որակավորման եզրափակիչ փուլ:

Ի վերջո 1.37.202 արդյունքով փոուլը նվաճեց Սեբասթիան Ֆեթելը: Սա այս մրցաշրջանում գերմանացու 6-րդ և կարյերայում 42-րդ փոուլն էր: Արձանագրության երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լյուսի Հեմիլթոնը` Mercedes-ով, իսկ երրորդը բաժին հասավ ավստրալացի Մարկ Ուեբբերին, ով սակայն մեկնարկեց միայն 13-րդ տեղից Սինգապուրում ստացած տուգանքի հետևանքով:

Կիրակի բոլոր մրցարշավորդները բացառությամբ Դանիել Ռիկիարդոյի մեկնարկեցին ավելի փափուկ անվադողերով: Խոստացված թայֆունը շրջանցեց մրցուղին, և բնականաբար առաջին պլան դուրս եկավ անվադողերի աշխատանքը: Արդեն մեկնարկի ժամանակ շրջապտտվեց Ֆելիպե Մասսայի մեքենան, ով այդ պահին վնասելով թիմակցի Ferrari-ն, արդյունքում հայտնվեց վերջին տեղում: Հիանալի մեկնարկեց Մալդոնադոն, ով արդեն երկրորդ շրջանին կարողացավ 18-րդ տեղից բարձրանալ 9-րդ հորիզոնական:

Սակայն արդեն մրցավազքի միջնամասում առաջին շրջադարձի "հրմշտոցի” ժամանակ իրենց դիրքերը կորցրած պիլոտները կարողացան վերադառնալ պայքարին: Քսաներորդ շրջանին առաջին տասնյակում տեղ էին զբաղեցնում Red Bull, Mercedes, Lotus, McLaren ևFerrari թիմերը մրցարշավորդները, որոնց միացել էր նաև Նիկո ՀյուլկենբերգըSauber-ով:Մրցավազքի առավել տպավորիչ դրվագներից էր Նիկո Ռոսբերգի վազանցը թիմակից` Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ: Օգտվելով բրիտանացու անվադողերի մաշվածությունից` Նիկոն գերազանց արագությամբ նախ հասավ Հեմիլթոնին, ապա դուրս գալով մրցուղու ուղղաձիգ հատված` նաև շրջանցեց նրան: Սակայն հենց այդ պահին կոտրվեցին գերմանացու բոլիդի առջևի հակաթևի վերևի ամրանները, հակաթևը հպվեց ասֆալտին, և դրա տակից սկսեցին դուրս թռնել կայծեր: Ռոսբերգն այդպես էլ մեկ շրջան անցավ մինչև բոքսեր, որտեղ կորցրեց ևս 22 վայրկյան` կոտրված հակաթևը փոխարինելու համար:

Որոշ ժամանակ անց տհաճ իրավիճակում հայտնվեց Սերհիո Պերեսի McLaren-ը: Նրա բոլիդի վրա պայթեց առջևի աջ անվադողը, միևնույն ժամանակ վնասելով մեքենան և մանր կտորներով պատելով մրցուղու այդ հատվածը: Արդյունքում Պերեսը կարողացավ դժվարությամբ հասնել բոքսեր, իսկ մրցուղում հայտնվեց անվտանգության ավտոմեքենան:

Ռեստարտից հետո, երբ թվում էր, որ այլևս ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենա, կոպիտ սխալ թույլ տվեց Ադրիան Սութիլը: Նրա մեքենան տեղաշրջվեց, և Force India-ն բախվեց Մարկ Ուեբբերի Red Bull-ին: Այս կոնտակտի արդյունքում ավստրալացու մեքենան բռնկվեց, մրցուղին կորավ խիտ ծխի մեջ, և մրցավազքի տնօրինությունը ստիպված էր կրկին դիմել անվտանգության մեքենայի վարորդ` Բերնդ Մայլանդերի ծառայություններին:

Արդեն երրորդ մեկնակը տրվեց 40-րդ շրջանին: Ֆեթելը կրկին հեշտությամբ պոկվեց հետապնդողներից, որոնցից ամենաակտիվն էին Lotus-ի երկու մրցարշավորդները: Արդյունքում Կիմի Ռայկկոնենը եզրագիծը հատեց երկրորդը` մի փոքր առաջ անցնելով թիմակից Ռոման Գրոժանից: Կարյերայում լավագույն արդյունքը ցույց տվեց Նիկո Հյուլկենբերգը` գրավելով չորրորդ տեղը և առաջ անցնելով Ferrari, Mercedesև McLaren թիմերի պիլոտներից, որոնք նույնպես վաստակեցին միավորներ:

Այսպիսով, ընդհանուր հաշվարկում հաղթանակ տոնելու համար Ֆեթելին բավական է մնացած հինգ փուլերում վաստակել ընդամենը 48 միավոր, ինչը, հաշվի առնելով աշխարհի եռակի չեմպիոնի և Red Bull թիմի մարզավիճակը, լուրջ խնդիր չի հանդիսանա:

Կարելի է փաստել, որ այսուհետ հիմնական պայքարը ծավալվելու է երկրորդ տեղի համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio