Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՖԵԹԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
08 Հուլիս 2013

Անցած հանգստյան օրերին կայացավ Ֆորմուլա 1 2013թ մրցաշրջանի հերթական Գրան-պրին՝ Նյուրբուրգրինգի բացառիկ մրցավազքը , որը գրեթե միշտ պարգևում է անկանխատեսելի ավարտ:Լրացուցիչ ինտրիգ էին մրցափուլին հաղորդել անվադղերի կառուցվածքում Pirelli-ի կատարած փոփոխությունները: Առաջին անգամ անվադողի կառուցվածքի մեջ կիրառվել էր ոչ թե պողպատյա, այլ կևլարային ամրաթել,և թիմերը պետք է կարողանային արագորեն հարմարվել նոր պայմաններին:

Առաջին սեսնացիաներն ու հուսախաբություններն ի հայտ եկան արդեն որակավորման փուլում: Պատմության մեջ իր 600-րդ մրացավազքն անցկացնող առասպելական Williams թիմը ամբողջ կազմով չկարողացավ հաղթահարել նույնիսկ առաջին որակավորման փուլի արգելքը՝ միանալով արդեն իսկ հետնապահ համարվող Marussia և Caterham թիմերին:

Էլ ավելի մեծ էր Mercedes-ի հիասթափությունը որակավորման երկրորդ փուլում. մի թիմ, որն այս մրցաշրջանում հիմնականում փայլում է որակավորումների ժամանակ:Սխալ կողմնորոշվելով մրցուղում տիրող իրավիճակում՝ հետագա մրցապայքարից դուրս մնաց ընթացիկ մրցաշրջանի երեք փուլերի հաղթող Նիկո Ռոսբերգը: Արդյունքում որակավորման երրորդ փուլի վերջին շրջանում հաղթանակ տոնեց Ռոսբերգի թիմակից Լյուիս Հեմիլթոնը, ով մեկ տասներորդական վայրկյանով առաջ անցավ աշխարհի եռակի չեմպիոն Սեբասթիան Ֆեթելից :

Բացի այդ մի քանի մրցարշավորդներ որոշեցին չանցնել արագ շրջան,որպեսզի ազատ լինեն կիրակնօրյա ռազմավարության ընտրության հարցում:

Մեկնարկը հաջող ստացվեց Red Bull-ի մրցարշավորդների համար, ովքեր գրեթե միաժամանակ կարողացան առաջ անցնել բրիտանացուց : Առաջին տասնյակում հայտնվեց նաև մեքսիկացի Սերխիո Պերեսը,ով կարողացավ շրջանցել McLaren-ի իր թիմակցին:Հերթական անգամ չբերեց Ֆելիպե Մասսայի բախտը,ով դուրս մնաց պայքարից չորրորդ շրջանի առաջին շրջադարձում: Գրեթե միանգամից սկսվեց փիթ-ստոպերի առաջին ալիքը, որը զգալի անախորժություններ առաջացրեց Մարկ Ուեբբերի համար: Թիմի մեխանիկները երկար ժամանակ չէին կարողանում ամրացնել ավստրալացու մեքենայի հետևի աջ անիվը , որը գլորվելով՝ վայր տապալեց հեռուստաօպերատորներից մեկին,ով բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չստացավ: Իսկ Մարկը, կորցնելով բավականին շատ ժամանակ , հայտնվեց վերջին տեղում:

Մրցավազքը շարունակվում էր իր հունով մինչև 24-րդ շրջանը, երբ պայթեց Ժյուլ Բյանկիի մեքենայի շարժիչը:Ֆրանսիացու Marussia-ն գլորվեց ուղեծրի վրա,ինչի պատճառով մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենան:Օգտվելով առիթից` մարզիկների մեծամասնությունը այցելեց բոքսեր՝ անվադողերի փոխորինման համար: Այդ ընթացքում հիդրավլիկ համակարգում ծագած խնդիրները ստիպեցին Ժան-Էրիկ Վերնին կանգնեցնել իր Toro Rosso-ն և դուրս մնալ պայքարից :

Մրցավազքը վերսկսվեց վեց շրջան անց: Առաջատարությունը պահապնեց Ֆեթելն, ում կրնկակոխ հետապնդում էին Lotus-ի երկու մրցարշավորդները` Գրոժանն ու Ռայկոնենը: Այս երկուսին հետևում էին Ֆերնանդո Ալոնսոն` Ferrari-ով և Ջենսոն Բաթոնը` McLaren-ով, ովքեր հերթական անգամ ապացուցեցին, որ չեմպիոնական փորձը թույլ է տալիս հաջող ելույթ ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ զգացվում է արագության ակնհայտ պակաս: Իրեն բավականին լավ էր դրսևորում նաև Սերխիո Պերեսը, ով մրցուղում զբաղեցնում էր վեցերորդ տեղը: Ընդհանրապես պետք է նշել, որ Նյուրբուրգրինգի մրցափուլը գուցե ամենահաջողն էր բրիտանական թիմի համար ողջ մրցաշրջանում: Ու չնայած մեկ շրջանով հետ մնացող մարզիկների ստեղծած խոչնդոտների պատճառով մինչև եզրագիծը հատելը թե Բաթոնը, թե Պերեսը մեկական տեղ կորցրին և գրավեցին համապատասխանաբար վեցերորդ ու ութերորդ տեղերը, նման առաջընթացը կարող է դառնալ թիմի "վերդարձի” սկիզբը:

Եզրագծից մի քանի շրջան առաջ հրամանատարական խցիկից ստացած կարգադրությանը հետևելով`Ռոման Գրոժանը երկրորդ դիրքը զիջեց թիմակցին, ինչը շատ երկրպագուների համար դարձավ թիմային մարտավարության կիրառման հերթական ապացույցը: Այնուամենայնիվ պետք կլինի սպասել մրցաշրջանի ավարտին` հասկանալու համար` արդյոք նման քաղաքականությունն օգուտ տվեց Lotus-ին, թե` ոչ: Իսկ Գերմանաիյում առաջին հաղթանակը սեփական հարկի տակ տոնեց Սեբասթիան Ֆեթելը` իրական ցնցություն պարգևելով տրիբունաներում հավաքված երկրպագուներին: Lotus-ի մրցարշավորդները զբաղեցրեցին պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճանները: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրին նաև Ֆ.Ալոնսոն, Լ.Հեմիլթոնը, Ջ.Բաթոնը, Մ.Ուեբերը, Ս.Պերեսը, Ն.Ռոսբերգը և Ն.Հյուլկենբերգը:

Առաջնության առաջին կեսը կավարտվի երեք շաբաթ անց Հունգարաիյում` Հունգարորինգում կայանալիք Գրան-պրիով: Սովորականի պես` հետևեք նորություններին autoplus.am կայքում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio