Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳԸ` ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ
01 Հուլիս 2013

Սիլվերսթոունում տեղիունեցած Բրիտանիայի հերթական Գրան-պրին նշանավորվեց Mercedes-ի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով և անվադողային մեծ սկանդալով, որը հարցականի տակ դրեց Pirelli-ի և Ֆորմուլա 1-ի հետագա համագործակցությունը:

Շաբաթը սկսվեց ուրբաթօրյա ավանդական անձրևով, որը խաչընդոտեց թիմերի աշխատանքը: Մի գուցե դրանով կարելի է բացատրել Lotus-ի և Ferrari-ի առաջատարներ Կիմի Ռայկկոնենի և Ֆերնանդո Ալոնսոյի անհաջող ելույթը որակավորման փուլում, որոնք համապատասխանաբար գրավեցին միայն իններորդ ու տասներորդ տեղերը: Սրան հակառակ մրցակցությունից դուրս էին Mercedes-ի մրցարշավորդները, ի դեպ Լյուիս Հեմիլթոնը գրեթե կես վայրկյանով առաջ անցավ թիմակցից: Հինգերորդ հորիզոնականը բաժին հասավ Պոլ դի Ռեստային, սակայն ստուգողական զննումից հետո պարզվեց, որն շոտլանդացու մեքենան թույլատրելիից ավելի թեթև էր, և Force India-ի մրցարշավորդին ընդհանրապես դուրս թողեցին արձանագրությունից: Արդյունքում հինգերորդ տեղից մեկնարկեց երիտասարդ ավստրալացի Դանիել Ռիկարդոն Toro Rosso-ից, ինչը նրա լավագույն նվաճումն էր մինչ այժմ:

Մրցավազքից առաջ շատերն արդեն մտահոգված էին անվադողերի հուսալիության հարցով: Շաբաթօրյա ազատ մրցումների ժամանակ պայթել էր Սերխիո Պերեսի վարած McLaren-ի անվադողը, այն դեպքում, երբ իտալացի արտադրողները այստեղ ներկայացրել էին բոլորովին նոր Hard և Medium տեսակի կազմերը: Մեկսիկացու հետ տեղի ունեցածը Pirelli-ի խնդիրների միայն սկիզբն էր թերևս:

Մեկնարկն անցավ առանց լուրջ խնդիրների` Հեմիլթոնը պահպանեց առաջատարի դիրքը և արդեն ութերորդ շրջանին մի քանի վգայրկյանով առաջ անցավ մոտակա հետապնդողներից: Սակայն հենց այս պահին սկսվեց "անվադողային հրավառությունը”: Բրիտանացու Mercedes-ի հետևի ձախ անիվը պայթեց, ինչի արդյունքում նա ստիպված էր այցելել բոքսեր և հայտնվելկ վերջին տեղում: Բառացիորեն երկու շրջան անց նմանատիպ իրավիճակում հյատնվեց Ferrari-ի մրցարշավորդ Ֆելիպե Մասան: Առաջին սեկտորի վրա պայթեց նրա մեքենայի նաւոյն անիվը` զրկելով բրազիլացուն քիչ թե շատ լուրջ արդյունք ցույց տալու հնարավորությունից: Սա ասես ազդանշան դարձավ պիտ-ստոպերի առաջին ալիքի համար. պիլոտները ևգտում էին առավելագույնս ապահովագրել իրենց անսպասելի անախորժություններից: Սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ամեն բան դեռ նոր էր սկսվում: Տասնհինգերորդ շրջանին, երբ Lotus-ի մրցարշավորդները հետապնդում էին Ժակ-Էրիկ Վերնի Toro Rosso-ն, ֆրանսիացու մեքենայի հետևի ձախ անվադողը նույնպես ցրիվ-ցրիվ եղավ` ծածկելով մրցուղին ռետինի կտորտանքով, ինչն անվտանգության մեքենայի հայտնվելու պատճառ դարձավ: Ավելի ուշ մրցավազքի տնօրեն Չարլի Ույտինգը խոստովանեց, որ մի պահնույնիսկ պատրաստ էր ընդհանրապես դադարեցնել Գրան-Պրին` չվտանգելու համար մարզիկների կյանքը: Սակայն դա տեղի չունեցավ, և մրցավազքը վերսկսվեց 22-րդ շրջանին: Առաջատարի դիրքը Լյուիս Հեմիլթոնի անախորժություններից հետո վստահորեն ստանձնեց Սեբաստիան Ֆեթելը: Թվում էր, թե նրա Red Bull-ն առանց ավելորդ խնդիրների առաջինը կհատի եզրագիծը, սակայն 42-րդ շրջանին խափանվեց գերմանացու մեքենայի փախանցման տուփը: Անվտանգության ավտոմեքենան երկրորդ անգամ դուրս եկավ մրցուղի: Քառասունվեցերորդ շրջանին հայտարարվեց մեկնարկը, և գրեթե անմիջապես շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պայթեց այդ պահին միավորային գոտում գտնվող Սերխիո Պերեսի մեքենայի անվադողը: Մեքսիկացին դժվարությամբ հասավ McLaren-ի բոքսեր և դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ անվադողի պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել էր մեքենայի կողամասը:

Իրավիճակից կարողացավ օգտվել Նիկո Ռոսբերգը, ով բրիտանական Գրան-պրին վստահորեն հասցրեց հաղթանակի, որն արդեն երկրորդն էր գերմանացու համար այս մրցաշրջանում և երրորդը ողջ մարզական կարյերայում: Մրցանակային եռյակը համալրեցին մարկ Ուեբբերը` Red Bull-ով և Ֆերնանդո Ալոնսոն` Ferrari-ով: Միավորներ վաստակեցին նաև Force India թիմի երկու մրցարշավորդները, Ռիկարդոն` Toro Rosso-յով, իսկ տասնյակը եզրափակեց Ադրիան Սութիլը` Sauber-ով: Երկրորդ Գրան-պրին անընդմեջ ոչ մի միավոր չի վաստակում McLaren-ը: Թվում է` եկել է ժամանակը մտածելու 2014թ. ավտոմեքենայի մասին:

Մնում է միայն հասկանալ` կկարողանան արդյոք Pirelli-ի մասնագետներն օպերատիվ կերպով աևձագանքել անվադողերի հետ ծագած լուրջ խնդիրներին և լուծել դրանք արդեն հաջորդ` Գերմանիայի Գրան-պրիի օրերին, որը տեղի կունենա ընդամենը մեկ շաբաթ անց Նյուրնբուրգրինգում: Այդ մասին կարող եք տեղեկանալ մեր կայքից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio