Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi-ն ներկայացրեց լիովին նոր A8 մոդելը
14 Հուլիս 2017

AUDI ընկերությունը Բարսելոնայում բացահայտեց լիովին նոր Audi A8-ը, որը ներկայացնում է ավտոմեքենայի չորրորդ սերունդը: 

Նոր մոդելի ֆուտուրիստական դիզայնն ընդգծվում է առջևի  մեծ ու տպավորիչ վանդակաճաղով, իսկ հետնամասի համար Ինգոլշտադտի մասնագետներն ընտրել են լապտերների ավելի ավանդական՝ հորիզոնական ուղղվածությունը: Ավոտմեքենայի ողջ ուրվագիծը չափազանց դինամիկ է, մանավանդ կապոտի, կողաթևերի և լուսարձակների մակարդակի հատվածում:  

Նոր A8-ի ընդհանուր երկարությունը կազմում է 5,17 մետր, իսկ անվային բազան նախորդ սերնդի համեմատ աճել է ամբողջ 13 սմ: Կառավարման համակարգն ամբողջովին սենսորային է: Դրա հիմքում ընկած է 10,1 դյույմ անկյունագծով հպումային էկրանը, որը թույլ է տալիս վերահսկել ավտոմեքենայի աշխատանքի բոլոր ցուցանիշները:  Կենտրոնական թունելի բարձակի վրա առկա է մեկ այլ լրացուցիչ էկրան, որի միջոցով կարելի է կարգավորել սրահի ջերմաստիճանը: Որպես օպցիա առաջարկվում է հետևի աջ նստատեղի տաքացումն ու մերսման ֆունկցիան: Սրահի շքեղությունը լրացնում է Bang&Olufsen աուդիոհամակարգը:

Որպես ընտրություն հասանելի է շարժիչների լայն ընտրություն: Դրանց թվում են դիզելային 3.0 TDI և բենզինային 3.0 TFSI տուրբո V6-երը: Դիզելային շարժիչը զարգացնում է մինչև 286, իսկ բենզինայինը՝ մինչև 340 ձ.ուժ հզորություն: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրել նաև V8 շարժիչներից որևէ մեկը: Այսպես 4,0 TDI դիզելային շարժիչը զարգացնում է 435 ձ.ուժ, իսկ բենզինային 4,0 TFSI տարբերակը՝  460 ձ.ուժ: Նրանք, ում չեն բավարարում հզորության այս ցուցանիշները, կարող են կանգ առնել ուժային ագրեգատների շարքի ամենահզոր տարբերակի՝ 6,0-լիտրանոց V12 վրա: Ընկերությունը հայտարարել է նաև, որ լիովին նոր A8-ի համար վերջապես հասանելի կլինի նաև 449 ձ.ուժ հզորությամբ e-tron Quattro հիբրիդային ագրեգատը, որի մասնագրերը, սակայն, դեռևս ամբողջությամբ չեն բացահայտվում:

Ավտոմեքենան վաճառքում կհայտնվի աշնան երկրորդ կեսին Գերմանիայում, իսկ այնուհետ նաև այլ երկներում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio