ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԿՆԱԿԻ ԱՆԿՐԿՆԵԼԻՆ
24 Նոյեմբեր 2014
Ահա և վերջ… Ութ ամիս, տասնինը մրցափուլ, չորս աշխարհամաս և մեկ ՉԵՄՊԻՈՆ:
Լյուիս Հեմիլթոնը նվաճեց աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսը: Հետևում մնացին 2014թ մրցաշրջանի բոլոր վերելքներն ու վայրէջքները: Փայլուն հաղթանակներ, ցավալի պարտություններ, թիմակցի հետ ծայրաստիճան լարված փոխհարաբերություններ: Հեմիլթոնն անցկացրեց իրապես չեմպիոնական տարի՝ չընկրկելով դժվարությունների առջև և չապավինելով պատահականություններին և բախտի քմահաճույքին: Պատահական չէ նաև այն, որ այս երկրորդ տիտղոսը նվաճվեց վտսահ ու տպավորիչ հաղթանակից հետո, որն, ասես, դարձավ Լյուիսի մարզական և մարդկային հասունությունը վկայող դրոշմակնիք:
Մինչ Ֆորմուլա 1 առաջնության այս տարվա վերջին մրցափուլը բաց էր մնացել անհատական հաշվարկի չեմպիոնական կոչման հարցը: Պարզ էր միայն, որ այն բաժին կհասնի Mercedes թիմի երկու պիլոտներից մեկին: Ճիշտ է՝ Հեմիլթոնը 17 միավորի առավելություն ուներ Ռոսբերգի նկատմամբ, սակայն մենք բազմիցս ենք ականատես եղել իրադարձությունների կտրուկ փոփոխությանը: Նույն Հեմիլթոնը 2007թ. ընդամենը երկու Գրան-Պրիի ընթացքում կորցրեց մրցակիցների նկատմամբ ունեցած ահռելի առավելությունը և արդյունքում զիջեց չեմպիոնական գահը Ռայկկոնենին: Բացի այդ կազմակերպիչների որոշմամբ 2014թ վերջին մրցափուլում խաղարկվելու էին կրկնակի չափով միավորներ, ինչն էլ ավելի կարևոր էր դարձնում ամեն մի հորիզոնականի արժեքը:
Այս ամենը գերազանց հասկանում էին թե Հեմիլթոնը, թե Ռոսբերգը: Եվ շաբաթ օրը կայացած որակավորման մրցումների ժամանակ գերմանացին ցուցաբերեց իսկական մարտական ոգի՝ առաջ անցնելով Լյուիսից և նվաճելով փոուլը: Սա 1969թ. հետո առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանի ընթացքում բոլոր փոուլները նվաճել են միևնույն շարժիչով համալրված բոլիդները: Քառասունհինգ տարի առաջ դա հաջողվեց Ford-ին: Յաս-Մարինա մրցուղու մեկնարկային դաշտի երկրորդ շարքն ամբողջությամբ բաժին հասավ Williams թիմին, ընդ որում Վալթերի Բոթթասը կրկին կարողացավ շրջանցել իր անհամեմատ ավելի փորձառու թիմակից՝ Ֆելիպե Մասսային: Ըստ մրցուղում ցուցադրած արդյունքի երրորդ շարքից պետք է մեկնարկեին Red Bull-ի պիլոտներ՝ Դանիել Ռիկյարդոն և Սեբասթյան Ֆեթելը: Սակայն որակավորման փուլի ավարտից հետո մրցավարները արձանագրեցին, որ ավստրիական կոնցերնի մեքենաները չեն համապատասխանում գործող կանոնակարգին, և երկու մարզիկների արդյունքն էլ չեղյալ համարվեց: Այդ հանգամանքից օգտվեցին Քվյատը, Բաթոնը, Ռայկկոնենը, Ալոնսոն, Մագնուսենը և Վերնը, ովքեր հայտնվեցին որակավորվածների առաջին տասնյակում:
Կարելի է ասել, որ չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը որոշվեց հենց առաջին շրջադարձում: Հստակ մանևրով Հեմիլթոնը շրջանցեց Ռոսբերգին և դրանով իսկ պատասխանեց որոշ փորձագետների այն վարկածներին, թե նա կձգտի չդիմել ավելորդ ռիկսի և կբավավարվի երկրորդ տեղով: Լյուիսն այլ կարծիք ուներ, և դա ակնհայտ դարձավ հենց ամենասկզբից:
Մեկնարկն առավել անհաջող ստացվեց Բոթթասի համար, ով մի անգամից 5 տեղ կորցրեց և հայտնվեց ութերորդ տեղում, ինչն իր հերթին որոշակի ազդեցություն ունեցավ հետագա պայքարի վրա, քանի որ Williams-ի արագությունը թույլ էր տալիս գրեթե հավասարը հավասարի պես մրցել Mercedes-ների հետ: Արդյունքում ֆինլանդացին ողջ մրցավազքի ընթացքում ստիպված էր պայքարել ընդամենը կորցրածը վերականգնելու համար:
Այդ հարցում նրան օգնության եկավ նաև Նիկո Ռոսբերգի թույլ տված սխալը: Քսաներեքերորդ շրջանին գերմանացին դուրս թռավ մրցուղուց՝ հայտնվելով ավազային ծուղակում և վնասելով մեքենայի ERS համակարգը: Արդյունքում, ընդամնեը մի քանի շրջանում Մասսային հաջողվեց շրջանցել Ռոսբերգին, և բրազիլացին սկսեց հույսեր փայփայել Հեմիլթոնին հասնելու վերաբերյալ: Դրանից հետո պարզ դարձավ, որ միայն դժբախտ պատահարը կարող է խանգարել Հեմիլթոնին՝ հասնել բաղձալի տիտղոսին: Ռոսբերգը մեկը մյուսի հետևից զիջում էր դիրքերը մրցակիցներին և ի վերջո եզրագիծը հատեց տասնչորսերոդ տեղում:
Իսկ Հեմիլթոնը հանգիստ վերահսկում էր իրավիճակը, և չնայած Ֆելիպե Մասսան փորձում էր ինչ-որ կերպ հասնել բրիտանացուն, ակնհայտ երևում էր, որ Լյուիսն այդ պահին անսանձելի էր: Եվ 44 համարի բոլիդի պատվին էր, որ Յաս-Մարինայում տրվեց առաջին հրավառությունն՝ անմիջապես եզրագիծը հատելու պահին: Նույն պահին էլ Հեմիլթոնի ձեռքում հայտնվեց Մեծ Բրիտանիայի դրոշը, որով էլ նա կատարեց իր վերադարձի շրջանը:
Հեմիլթոնի չեմպիոնական զգացմունքների և Williams-ի կրկնակի պոդիումի ֆոնին մի փոքր խամրած երևաց Red Bull-ի պիլոտների փայլուն ելույթը, ովքեր մեկնարկելով փիթ-լեյնից՝ այնուամենայնիվ կարողացան եզրզագիծը հատել 4-րդ և 8-րդ տեղերում:
Ջենսոն Բաթոնի նվաճած 5-րդ տեղը թույլ տվեց McLaren թիմին պահապնել իր առավեությունը Force India-ի նկատմամբ՝ չնայած այն ահնգամանքին, որ թե Հյուլկենբերգը, թե Պերեսն Աբու-Դաբիում կարողացան մրցանակային միավորներ վաստակել: Առաջին տասնյակը եզրափակեցին Ferrari-ն լքող Ֆերնանդո Ալոնսոն և Ferrari-ում մնացող Կիմի Ռայկկոնենը:
Այսպես ավարտվեց 2014թ. Ֆորմուլա 1 առաջնությունը: Առջևում ձմեռային թեստերն են, և ընդամենը երեքուկես ամիս անց մենք կրկին կընկղմվենք աշխարհի ամենաարագ և ամենաթանկ բոլիդների պայքարի մեջ: