ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lamborghini-ն ներկայացրել է Lanzador էլեկտրական սուպերկարը
18 Օգոստոս 2023
Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է մակնիշի պատմության առաջին էլեկտրական մոդելը։ Կոնցեպտ-կարը ցուցադրվեց Monterey Car Week միջոցառման շրջանակներում և կոչված է պատկերացում տալ այն մասին, թե ինչպիսին կլինի ընկերության սերիական էլեկտրամոբիլը։ Կոնցեպտը առանձնանում է անսովոր ֆորմ-ֆակտորով՝ «GT մոդել՝ 2+2 սրահով և մեծ լուսածերպով», ինչի շնորհիվ տեղավորվում է դասական սպորտային մոդելների և քրոսովերների միջև։
Յուրահատուկ Azzurro Abissale երանգով իրականացված ավտոմեքենայի կերպարում նկատելի են Sesto Elemento, Murcielago և Countach LPI 800-4 մոդելներին բնորոշ լուծումների կրկնօրինակումներ։ Սրահի երկրորդ շարքի նստատեղերի դիրքը կարգավորվում է, ինչի շնորհիվ կարելի է վերափոխել և բեռնախցիկը։ Խոստացված են ուղևորների անհատական դիսփլեյներ և հարուստ համալրում։ Լրամշակման համար կիրառված են էկոլոգիապես մաքուր նյութեր՝ մերինոսի բուրդ սարքավորումների վահանակի, նստատեղերի և դռների հատվածում, վերամշակված պլաստիկից ստացված գունավոր թել դարձակարերի համար, 3D-տպիչով ստացված փրփուր նստատեղերի ներսի հատվածի համար։ Սրահի ձևավորման մեջ կիրառված ածխապլաստիկը նորարարական երկշերտ կոմպոզիտ է՝ ստացված կարբոնից և վերամշակված նյութերից։
Նորույթի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, քանի որ այն հեռու է սերիական տարբերակից։ Հայտնի է, որ էլեկտրական Lanzador-ը լիաքարշ է՝ յուրաքանչյուր սռնիին տեղադրված գերհզոր շարժիչների շնորհիվ։ Ուժային ագրեգատի պիկային հզորությունը կգերազանցի մեկ մեգավատը, ինչը հավասարազոր է շուրջ 1340 ձիաուժի։ Հնարավոր կլինի նաև բաշխել քարշուժը անիվների միջև՝ ապահովելով օպտիմալ կառավարելիությունը ցանկացած պայմաններում։
Ագրեգատի սնուցումը կիրականացվի նոր սերնդի գերարտադրողական մարտկոցի օգնությամբ։ Շարժման դինամիկայի վերահսկման՝ Lamborghini Dinamica Veicolo Integrata (LDVI) ֆիրմային համակարգը էլ ավելի կատարյալ կլինի, քանի որ այն կհամալրվի ավելի մեծ թվով ցուցիչներով և աշխատանքի նոր ալգորիթմներով։ Նորույթը կառանձնանանա ակտիվ աերոդինամիկ տարրերի առկայությամբ, որոնք թույլ կտան ապահովել ընթացքի պաշարի և կառավարելիության հավասարակշռությունը դինամիկ վարման ժամանակ։
Ակնկալվում է, որ էլեկտրամոբիլը կսարքավորվի ALA (Aerodinamica Lamborghini Attiva) ֆիրմային համակարգի նորագույն սերնդի տարբերակով, որը բացի սփոյլերից կակտիվացնի հատակի մեջ ներկառուցված դիֆուզորը։ 23-դյույմանոց անվասկավառակները նույնպես կստանան առավել աերդոինամիկ կառուցվածք։ Կառավարելիության մակարդակը մեծացնելուն կնպաստի նաև ադապտիվ պնևմատիկ կախոցը, որի կարգավորումները կփոփոխվեն իրական ժամանակի ռեժիմում, սակայն վարորդը կկարողանա ընտրել և պահպանել իրեն ավելի հարմար տարբերակը։ Ըստ երևույթին, Lamborghini Lanzador կոնցեպտի հիման վրա նախագծած սերիական էլեկտրամոբիլը շուկա կհանվի ոչ շուտ, քան 2028 թվականը։