ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Land Cruiser Prado՝ ռետրոդիզայնով և հիբրիդային շարժիչներով։
07 Օգոստոս 2023
Toyota ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում ներկայացրել է վեցերորդ սերնդի Land Cruiser Prado ամենագնացը։ Ճապոնացիները առաջարկում են ռետրոոճի երկու դիզայներական լուծում՝ պահպանելով նաև «հին ու բարի» 2TR-FE մթնոլորտային շարժիչը, ինչպես նաև ընդլայնելով ագրեգատների գամման i-Force Max հիբրիդային համակարգով, որի հիմքում ընկած է քառագլան տուրբոշարժիչը։
«250»-րդ սերիայի ամենագնացի գլխավոր առանձնահատկությունը արտաքին դիզայնի երկու տարբերակներն են։ Բազային մոդիֆիկացիան և First Edition համալրումը առաջարկվում են կլոր լուսարձակներով, ինչը խորհրդանշում է 1958 թվականին թողարկված առաջին Land Cruiser-ներից ստացված ժառանգությունը։ Մնացած բոլոր նոր Prado-ներին բաժին է հասել ուղղանկյուն օպտիկա՝ Land Cruiser 60-ի ոգով։
Ավանդաբար Land Cruiser Prado-ն շատ ընդհանրություններ ունի Lexus GX-ի հետ։ Դա էլ ավելի նկատելի է, երբ նայում ես կողքից։ Toyota-ի նորույթը իր պրեմիում կարգի «եղբորից» փոխառել է տպավորիչ գաբարիտները՝ դրա երկարությունը/լայնությունը/բարձրությունը համապատասխանաբար հավասար են 4920/2139/1859 միլիմետրի, իսկ անվային բազան կազմում է 2850 մմ։ Նախորդ սերնդի , Land Cruiser Prado 150-ի համեմատ անվային բազան աճել է 60 միլիմետրով, իսկ երկարությունն ու լայնությունը՝ գերթե 100 միլիմետրով։
Սրանով հանդերձ մոդելը պահպանել է տպավորիչ երկրաչափական անցունակությունը։ Այսպես, ճանապարհային լուսածերպը կազմում է 221 միլիմետր, ուղեմուտքի և վայչէջքի անկյունները համապատասխանաբար՝ 30 ու 22 աստիճան։ Նոր Land Cruiser Prado-ի թափքի ստորին հատվածում առկա են հաստ պլաստիկից պատրաստված եզրակներ, իսկ բազային տարբերակը համալվում է սև չներկված թափարգելներով և 18-դյույմանոց պրակտիկ անվասկավառակներով։ Ընկերությունը հայտարարել է, որ շուկա կհանի ավելի քան 100 տարբեր աքսեսուարներ՝ նախատեսված օֆֆ-ռոդի համար, այդ թվում հատակի պաշտպանիչներ և «ուժային» բեռնախցիկներ։
Նոր Land Cruiser Prado-ի հիմքում ընկած է TNGA-F շրջանակային հենահարթակը, ինչի շնորհիվ ուժային կառուցվածքը գրեթե մեկուկես անգամ ավելի ամուր է նախկինի հետ համեմատ։ Առաջարկվում է ամբողջովին նոր երկխողովականի մեղմիչներով երկլծականի առջևի կախոց։ Հետնամասում պահպանվել է ամբողջական կամրջակը, որը կախված է պարուրաձև զսպանակների վրա։ Այլ առանձնահատկությունների թվում են ղեկի էլեկտրաուժեղացուցիչը, 432 մմ տրամագծով արգելակային սկավառակները, ինչպես նաև բեռնախցիկի՝ դեպի վերև բացվող դուռը։
Հյուսիսային Ամերիկայում որպես բազային կծառայի iForce Max ուժային համակարգը, որը արդեն իսկ տեղադրվում է Tacoma մոդելի վրա։ Կապոտի տակ 2,4-լիտրանոց քառագլան տուրբոշարժիչն է, որը համակցվում է ներկառուցված էլեկտրական շարժիչով 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։ Ագրեգատի պիկային արտադրողականությունը կազմում է 331 ձիաուժ և 630 Նմ ոլորող մոմենտ։ Ընդամենը 1,87 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցը, միևնույն ժամանակ, թույլ չի տալիս լրջորեն ապավինել միայն էլեկտրական բաղադրիչին։
Որպես այլընտրանք այս լուծմանը հանդես են գալիս ավանդական 2,4-լիտրանոց T24A-FTS (281 ձիաուժ և 430 Նմ) տուրբոբենզինային և 2,8-լիտրանոց 1GD-FTV (204 ձիաուժ, 500 Նմ) տուրբոդիզելային շարժիչները։ Որոշ շուկաներում դիզելային մոդելը կհամալրվի նոր 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով։ Ցանկացած պարագայում նոր Land Cruiser Prado-ն կսարքավորվի դասական 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայում և Մերձավոր Արևելքում կառաջարկվի նաև 2,7-լիտրանոց մթնոլորտային 2TR-FE (163 ձիաուժ, 246 Նմ) բենզինային շարժիչի և 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի համադրությունը։
Բոլոր համալրումների Land Cruiser Prado-ները կառանձնանան միջսռնային դիֆերենցիալով սարավորված լիաքարշ համակարգով, երկաստիճան բաշխիչ համակարգով և երկու բլոկավորիչներով։ Գնորդը ստիպված չի լինի նաև լրացուցիչ վճարել «սահող» քրուի-կոնտրոլի, զառիվայր ընթացքին օժանդակող համակարգի, ինչպես նաև գործարանային օֆֆ-ռոդ ռեժիմների համար։ Որպես օպցիա հասանելի կլինեն առջևի կայունացուցիչի անջատման համակարգը, ինչպես նաև շրջանաձև տեսադաշտի տեսախցիկների համակարգը՝ «թափանցիկ կապոտ» ֆունկցիայով։
Նոր Toyota Land Cruiser Prado-ի սրահը ընդգծված համեստ է։ Բազային տարբերակում հասանելի կլինեն 8-դյույմանոց հպումային էկրանով և 6 բարձրախոսով մուլտիմեդիա համակարգը, նստատեղերի գործվածքային պաստառապատումը, հասարակ սև պլաստիկը և հինգ նստատեղերը։ «Անվճար» օպցիաներից նշենք ղեկի և առջևի նստատեղերի տաքացումը, գաջետների անլար լիցքավորումը և 2400 վատտ հզորությամբ փոփոխական հոսանքի ինվերտորը։
Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել արդեն եռաշարք 7-տեղանի մոդիֆիկացիան՝ 12,3-դյույմանոց հպումային էկրանով, պրոյեկցիոն դիսփլեյով, հետին տեսադաշտի թվային հայելիով, առջևի նստատեղերի օդափոխմամբ և էլեկտրակառավարմամբ, JBL աուդիոհամակարգով, 14 բարձրախոսով և ծակոտկեն կաշվից լրամշակմամբ։ Երկրորդ և երրորդ շարքի նստատեղերը կարող են ծալվել՝ ստեղծելով հարթ հատակ։ Անվտանգության լուծումներից կարելի է հիշատակել հեռահար լուսավորության ավտոմատ համակարգը, ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, երթևեկության շարքի վերահսկամն, հետիոտների և ճանապարհային նշանների ճանաչման, «կույր» գոտիների վերահկսման համակարգերը, որոնք կառաջարկվեն առանց հավելավճարի։
Հյուսիասային Ամերիկայում նոր Land Cruiser Prado-ն վաճառքի կհանվի արդեն 2024 թվականին։ Ակնկալվում է, որ բազային մոդիֆիկացիայի գինը չի գերազանից 50 հազամ ԱՄՆ դլոարը, իսկ First Edition սերիան կթողարկվի միայն 5000 օրինակով։ Համեմատության համար նշենք, որ նույն շուկայում Toyota Sequoia-ի արժեքը սկսվում է 60 հազար դոլարից, իսկ Highlander –ինը՝ 41 հազար դոլարից։