ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen-ը նշում է Jetta մոդելի հոբելյանը
01 Օգոստոս 2023
Գերմանական Volkswagen ընկերությունը նշում է Jetta-ի հոբելյանը՝ թողարկելով GLI 40th Anniversary Edition սերիան։ Սեդանի 40-ամյակի մասին կհիշեցնեն մուգ կարմիր կոնտրաստային ներդիրները, օրիգինալ անվասկավառակները և սրահի հատուկ տարրերը։ Ընդահնուր առմամբ կթողարկվի 1984 հատ հոբելյանական Volkswagen Jetta, իսկ առաջին մեքենաները սրահներ կհասնեն արդեն օգոստոսին և կվաճառվեն 28 085 ԱՄՆ դոլարով, ինչը նույնսիկ 11 տոկոսով ավելի մատչելի է, քան սովորական մոդիֆիկացիան։
Volkswagen Jetta GLI 40th Anniversary Edition-ը հասանելի կլինի երեք գույնով՝ սպիտակ, գորշ և երկնագույն։ Առանձնահատկությունների թվում են հայելիների սև կորպուսները, դռների մուգ բռնակները, 18-դյույմանոց բազմաշյուղ անտրացիտային ձուլածո անվասկավառակները, գործարանային հակաքրոմ ծածկույթը, ինչպես նաև առջևի կողաթևերի հատուկ ներդիրները։
Սրահը ևս կրում է անհատականության շեշտադրումը։ Այսպես, նստատեղերի վրա հայտնվել են հատուկ տարբերանշաններ, իսկ կենտրոնական հատվածները ստացել են ցանցային պատկեր, բաժակակալների վրա ավելացել են «GLI» և «1984» գրվածքները, իսկ մոդելի 40-ամյակի մասին կհիշեցնեն շեմքերի վերդիրներն ու ղեկի վրա առկա տարբերանշանը։
Տեխնիկական տեսանկյունից փոփոխություններ չկան։ Մոդելը սարքավորվում է երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչով, որը զարգացնում է 231 ձիաուժ հզորություն և 349 Նմ ոլորող մոմենտ ու համակցովւմ է 7-աստիճան նախասելեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփի հետ։ Ստադնարտ համալրումը ներառում է ակտիվ մեղմիչներով կախոց, առջևի ինքնաբլոկավորվող դիֆերենցիալ և արտանետման սպորտային համակարգ։