ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi-ն նոր մանրամասներ է հաղորդել Q6 e-tron քրոսովերի մասին։ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Հուլիս 2023
Նոր էլեկտրական Audi Q6 e-tron քրոսովերը կստանա անսովոր օպտիկա։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ արտադորղը նոր մանրամասներ հաղորդեց մոդելի համալրման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս մոդելը կդառնա մակնիշի առաջն ավտոմեքենան, որի հիմքում ընկած կլինի Audi-ի և Porsche-ի համատեղ նախագծած PPE (Premium Platform Electric) հենահարթակը։ Դրա սերիական արտադրությունը կմեկնարկի արդեն մոտ ամիսներին Ինգոլշտադտ քաղաքում, իսկ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա տարվա ավարտին մոտ։
Երեկ հայտնի դարձավ, որ Q6 e-tron-ը կստանա անհատականացված «լուսային ստորագրություն»․ հաճախորդները կկարողանան իրենք ընտրել լուսարձակների և հետևի լապտերների արտացոլանքի պատկերը։ Լապտերները բաղկացած են 360 սեգմենտ ունեցող OLED-վահանակներից, որոնք ունակ են ըստ հաստատված ալգորիթմի յուրաքանչյուր տասը միլիվայրկյանը մեկ նոր պատկեր գեներացնել։
Առջևում տեղադրված է կարգավորվող լուսավորվածությամբ օպտիկա, որը նույնպես կարող է ստանալ եզակի լուծում։ Հաղորդվում է, որ օպտիկական համակարգը թույլ կտա «շփվել» երթևեկության այլ մասնակիցների հետ։ Օրինակ, լուսային անիմացիայի օգնությամբ հնարավոր կլինի հանդիպակաց ավտոմեքենայի վարորդին նախազգուշացնել ճանապարհային վտանգների մասին։
Հայտնի է դարձել նաև, որ նոր Q6 e-tron-ը կսարքավորվի 12 առանձին մոդուլներից բաղկացած 100 կՎտժ տարողունակույթամբ մարտկոցով։ Ըստ Audi-ի հաշվարկների, դրա լիցքավորումը 10-ից մինչև 80 տոկոս կպահանջի 30 րոպեից էլ քիչ ժամանակ, իսկ ընդամենը 10 րոպեում հնարավոր կլինի հավաքել 250 կմ ընթացքի պաշար։ Հայտարարված առավելագույն պաշարը կազմում է 600 կմ։
Ամենայն հավանականությամբ նոր Q6 e-tron-ը կունենա երկու մոդիֆիկացիա։ Բազային տարբերակը կսարքավորվի ընդհանուր 375 ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներով, իսկ առավել հզոր համալրման ուժային ագրեգատը կզարգացնի 483 ձիաուժ հզորություն, որը Boost ռեժիմում կարելի կլինի հասցնել 510 ձիաուժի։ Այս էլեկտրամոբիլը ունակ կլինի տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել մոտավորապես 4,5 վայրկյանում։