ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱՐՆԱՎԱԼ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԵՆՐՈՎ
09 Նոյեմբեր 2014
Վերջին երեք տարիներին Ֆորմուլա 1-ի մրցաշրջանն ավարտվում
էր Սան-Պաուլուում՝ Բրազիլիայի Գրան-Պրիով: Հաճախ հենց այստեղ էր որոշվում չեմպիոնական
կոչումի ճակատագիրը: Սակայն 2014-ին այս փուլը նախավերջինն էր և տիտղոսի համար պայքարում
որոշիչ նշանակություն չուներ, քանի որ ըստ ընդունված կանոնակարգի վերջին փուլում՝ Աբու-Դաբիում
խաղարկվելու են կրկնակի միավորներ: Դա նշանակում է, որ նույնիսկ 24 միավորի տարբերությունը,
որն ուներ Լյուիս Հեմիլթոնը թիմակից՝ Նիկո Ռոսբերգի նկատմամբ բավարար չէր բոլոր հարցերը
լուծելու համար: Այնուամենայնիվ ավանդույթի համաձայն Mercedes-ի պիլոտները ոչ մի հնարավորություն
չտվեցին մրցակիցներին: Թիմը գրանցեց հերթական ռեկորդը՝ մրցաշրջանում գրանցելով 11-րդ
դուբլը, այս անգամ Ռոսբերգ-Հեմիլթոն հերթականությամբ:
Ինչպես և Օսթինում Բրազիլիայի Գրան-Պրիին մասնակցեցին ընդամնեը
9 թիմեր՝ Marussia-ն և Caterham-ը չժամանեցին Հարավային Ամերիկա: Այդ պատճառով որակավորման
մրցումներն անցան ԱՄՆ-ում փորձարկված ռեժիմով. Առաջին հատվածից հետո պայքարից դուրս
պետք է մնային չորս ամենադանդաղ մեքենաները: Այս անգամ անհաջողակների քառյակը կազմված
էր երկու Lotus-ներից՝ Գրոժան-Մալդոնադո զույգ, ինչպես նաև Force India-ն ներկայացնող
Սերխիո Պերեսից և Toro Rosso-ի պիլոտ՝ Ժան-Էրիկ Վերնից: Հետաքրքիր է, որ երկրորդ
Toro Rosso-ն՝ ռուսատսանցի Դանիիլ Քվյատի ղեկավարմամբ նույնպես այլևս դուրս չեկավ մրցուղի:
Հաշվի առնելով պիլոտի հետաձգված տուգանքը, որի պատճառով նա այսպես, թե այնպես պետք
է յոթ տեղ կորցներ՝ նախորդ փուլում շարժիչի փոխարինման պատճառով: Բացի Քվյատից հետագա
պայքարից դուրս մնացին նաև երկրորդ Force India-ն՝ Նիկո Հյուլկենբերգի ղեկավարմամբ,
և երկու Sauber-ները՝ Էսթեբան Գուտյերես-Ադրիան Սութիլ կազմով:
Որակավորման երրորդ հատվածն, ինչպես և երկու նախորդներն ու
բոլոր ազատ մրցելությներն անցան Mercedes-ի ճնշիչ առավելությամբ, որին ինչ-որ կերպ
փորձում էին հակադարձվել Williams-ի պիլոտները: Հեմիլթոնն ու Ռոսբերգը մեկը մյուսի
հետևից ցուցադրում էին լավագույն արդյունքը: Ի վերջո բախտը ժպտած գերմանացուն. Նիկոն
նվաճեց այս մրցաշրջանում իր տասներորդ փոուլը և արժանացավ այդ ցուցանշի համար սահմանաված
FIA մրցանակին: Հետաքրքիր է, որ առաջին ութ մարզիկների արդյունքները տեղավորվեցին ընդամենը
մեկ վայրկյանի միջակայքում: Երկու Mercedes-երին մեկնարկային դաշտում հետևեցին երկու
Williams-ները՝ Մասսա-Բոթթաս հերթականությամբ: Առաջին տասնյակում տեղ զբաղեցրին նաև
Ջենսոն Բաթոնը, Սեբասթյան Ֆեթելը, Քևին Մագնուսենը, Ֆերնանդո Ալոնսոն, Դանիել Ռիկյարդոն
և Կիմի Ռայկկոնենը:
Բրազիլիայում սովորաբար որոշիչ դեր է խաղում եղանակը: Սակայն
այս տարի ուիք-էնդի բոլոր փուլերն անցան չոր եղանակային պայմաններում, ինչը զգալիորեն
ազդեց անվադողերի ընտրության և դրանց աշխատանքի վրա: Pirelli-ն այս մրցափուլի համար
տրամադրել էր Medium և Soft տեսակի անվադողեր: Սակայն բոլորովին նոր ասֆալտի վրա առավել
փափուկ կազմով անվադողերը շատ արագ էին մաշվում, և թիմերը գերադասեցին հիմնականում
պայքարել Medium-ով համալրված բոլիդներով: Պատահական չէ, որ գրեթե բոլոր պիլոտները,
բացառությամբ Հյուլկենբերգի, Գրոժանի, Քվյատի և Սութիլի նախընտրեցին մեկնարկել
Soft-ով և արագորեն ձերբազատվեցին դրանցից՝ արդեն 5-ից 9-րդ շրջանների միջակայքում:
Մրցավազքի ընթացքը չէր առանձնանում արտառոց իրադարձություններով:
Պիլոտները հանգիստ լուծում էին իրենց առջև դրված խնդիրները: Մասսան ընթացքում ստացավ
5 վայրկյանանոց տուգանք՝ պիթ-լեյնում թույլատրված արագությունը գերազանցելու համար:
Քսանհնգերորդ շրջանին պիլոտները զարմանալի համաչափությամբ էին ընթանում՝ երկու
Mercedes, երկու Willams, երկու McLaren, որոնց հետևում էին Ferrari-ի ու Red
Bull-ի երկուական ներկայացուցիչները: Սակայն հերթական պիթ-ստոպի ժամանակ խնդիրներ ծագեցին
Վալթեր Բոթթասի մեքենայի հետ, ինչի պատճառով երիտասարդ ֆինլանդացին կորցրեց բարձր տեղեր
գրավելու բոլոր հնարավորությունները: Փորձելով հասնել Ռոսբերգին՝ Հեմիլթոնը սխալվեց
և դուրս թռավ մրցուղում, սակայն կարողացավ վերադառնալ և պահպանել երկրորդ տեղը: Քառասուներորդ
շրջանին առջևի կախոցների անսարքության պատճառով պայքարից դուրս մնաց Դանիել Ռիկյարդոն:
Վերջին պիթ-ստոպի ժամանակ Մասսան շփոթեց սեփական բոքսերը՝
մի պահ կանգ առնելով McLaren-ի մեխանիկների
առջև, սակայն կարողացավ մրցուղի վերդառնալ երրորդ տեղում: Իսկ Հեմիլթոնին այդպես էլ
չհաջողվեց առաջ անցնել Ռոսբերգից: Գերմանացին վստահորեն վերահսկում էր իրավիճակը և
թույլ չտվեց Լյուիսին նույնիսկ գրոհ ձեռնարկել: Ի ուրախություն տասնյակ հազարավոր բրազիլացի
երկրպագուների Ֆելիպե Մասսան բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ ևս մեկ
անգամ ապացուցելով Williams-ի գերազանց մարզավիճակը: Իր լավագույն ելույթներից մեկն
ունեցավ Ջենսոն Բաթոնը: Աշխարհի չեմպիոնը դեռևս չգիտի՝ կմնա արդյո՞ք Ուոկինգի թիմում,
թե չէ, և նման հաջողությունը կարող է որոշիչ լինել: Բաթոնի թիմակիցը՝ դանիացի Մագնուսենը,
երկար ժամանակ ընթանում էր 5-րդ տեղում, սակայն անվադողերի մաշվածության պատճառով չկարողացավ
պահպանել այդ հորիզոնականը՝ առաջ թողնելով Ֆեթելին, երկու Ferrari-ները և Նիկո Հյուլկենբերգին՝
Force India-ից: Մրցափուլի անհաջողակ՝ Բոթթասը վաստակեց մեկ միավոր տասներորդ տեղը
գրավելու համար:
Այսպիսով Հեմիլթոնի և Ռոսբերգի միջև միավրոների տարբերությունը
կրճատվեց մինչև 17 միավորի, և չեմպիոնի տիտղոսը կխաղարկվի Աբու-Դաբիում: Մեզ մնում
է սպասել երկու շաբաթ՝ 2014 թ մրցաշրջանն ամփոփելու համար: