ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Alpine-ը ներկայացրել է Ֆորմուլա 1-ին նվիրված մոդել։
12 Հուլիս 2023
Alpine A110 S Enstone Edition անվանումը ստացած մոդիֆիկացիան նվիրված է Ֆորմուլա 1-ում հանդես եկող BWT Alpine F1 Team թիմին, որի գլխամասը գտնվում է բրիտանական Էնսթոուն քաղաքում։ Պատահական չէ, որ մոդելի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս կայացած Սիլվերսթոունի Գրան-պրիից առաջ։ Մեքենայի գլխավոր առանձնահատկություններից է կարբոնային տարրերի առատ կիրառությունը, որոնք արտադրվել են հենց այն նույն գործարանում, որտեղ պատրաստվում են F1-բոլիդների մասերը։
Մեքենայի թափքը ներկված է երկու երանգով՝ մուգ գորշ Gris Tonnerre և բաց արծաթագույն Argent Mercure գույներով, որոնք կոնտրաստ են ստեղծում փայլատ սև տանիքի հետ։ Alpine-ի բրիտանական ավանդույթները շեշտելու նպատակով A110 S-ի կապոտին կարող է պատկերվել բրիտանական դրոշ՝ էլեգանտ սնդուսափայլ կամ փայլատ սև լուծումով։
Ավտոմեքենան ստացել է նաև 18-դյույմանոց սև փայլատ GT Race անվասկավառակներ և արծաթագույն Brembo արգելակային ենթակիրներ։ Enstone Edition-ի սրահը լրամշակված է սև մանրաթելով ու արծաթագույն դարձակարերով, իսկ Sabelt Racing նստատեղերը զարդարված են հատուկ մոդիֆիկացիայի տարբերանշանը պատկերող էքսկլյուզիվ կարվածքով։
Տեխնիկական տեսանկյունից մոդելը փոփոխության չի ենթարկվել՝ պահպանելով 1,8 լիտր ծավալով 290 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչն ու 7-աստիճան պրեսելեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփը։ Alpine A110 S Enstone Edition-ը կթողարկվի 300 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը կստանա առանձին հուշավահանակ՝ տվյալ մեքենայի սերիական համարով։ Էնսթոունի գործարանում կայացած շնորհանդեսի ժամանակ մեքենան ներկայացրեց BWT Alpine F1 Team-ի պիլոտ՝ ֆրանսիացի Պյեր Գասլին։