Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Toyota C-HR քրոսովերի երկրորդ սերունդը։
28 Հունիս 2023

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի C-HR կոմպակտ քրոսովերը, որի անվանումը բացվում է որպես Compact High Rider։ Դրա նախագծումը իրականացրել է Toyota-ի եվրոպական ստորաբաժանումը, արտադրությունն ու իրացումը ևս կկազմակերպվի Հին Աշխարհամասում։ Ընդհանուր առմամբ նորույթի արտաքինը առանձնանում է ավելի «մաքուր» և աերոդինամիկ դիզայնով, իսկ սրահը դարձել է ավելի ընդարձակ ու ժամանակակից։ Թեպետ գները դեռևս չեն հայտարարվել, պատվերների ընդունումն սկսված է։

 

 

Երկրորդ սերնդի C-HR-ի հիմքում ընկած է նախորդ տարվա դեկտեմբերին ցուցադրված  Prologue կոնցեպտը։ Ինչպես և ենթադրվում էր,  C-HR-ն այժմ ավելի համարձակ և սպորտային տեսք ունի, ինչին նպաստում են hammerhead («մուրճ-ձուկ») ոճով իրականացված առաջնամասը,  С-աձև լուսարձակները, դուրս քաշված հետևի լապտերն ու «մկանուտ» կողային հատվածները։ Նորույթը կառանձնանա նաև 20-դյույմանոց անվասկավառակներով և թափքի կոմբինացված ներկվածքով։

 

 

Սրահում ուշադրություն է գրավում սարքավորւմների՝ 12,3-դյույմանոց թվային վահանակը, որին հարում է մուլտիմեդիա համակարգի նույն չափսի սենսորային էկրանը։ Առավել հագեցած համալրումներում հասանելի կլինեն համայնապատկերային տանիքը, պրոյեկցիոն դիսփլեյը, 64-գույնանի մթնոլորտային լուսավորումը և JBL աուդիոհամակարգը։  Սպորտային GR Sport Premiere Edition մոդիֆիակցիան նշանավորվում է ինտերիերում առկա կարմիր շեշտադրումներով։  

 

 

Եվրոպական շուկայում նորույթը հասանելի կլինի մի քանի հիբրիդային ուժային համակարգերով՝ ըստ ընտրության։ Առջևի քարշակմամբ բազային տարբերակը կսարքավորվի 1,8-լիտրանոց բենզինային շարժիչով և փոքր էլեկտրական շարժիչով, որոնք միասին կզարգացնեն 140 ձիաուժ հզորություն։ Այնուհետ գալիս է ևս մեկ առաջնաքարշ հիբրիդային մոդիֆիկացիա, որի հիմքում ընկած է երկլիտրանոց բենզինային շարժիչը՝ 198 ձիաուժ հզորությամբ։

 

 

Եվ վերջապես՝ ամենահզոր լիաքարշ տարբերակին բաժին է հասել 223 ձիաուժ հզորությամբ լիցքավորվող հիբրիդային ագրեգատը։ Այն զարգացնում է 180 կմ/ժ առավելագույն արագություն, թույլ է տալիս տեղից մինչև 100 կմ/ժ արագացումն իրականացնել 7,2 վայրկյանում և կարող է միայն էլեկտրական ռեժիմում հաղթահարել մինչև 66 կմ։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio