ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն նշում է Supra մոդելի 45-ամյակը։
24 Հունիս 2023
Ճապոնական Toyota ընկերությունը Supra մոդելի 45-ամյակի կապակցությամբ կթողարկի դրա հատուկ մոդիֆիկացիա։ Պաշտամունքային այն մոդելի հոբելյանին ընդառաջ, ընկերությունը մանարամասներ է հաղորդել GR Supra կուպեի 45th Anniversary տարբերակի մասին, որը հասանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի շուկայում։ Ընդհանուր առմամբ կարտադրվի 900 օրինակ, իսկ վաճառքները կմեկնարկեն 2023 թվականի աշնանը։
Հոբելյանական տարբերակի թափքի համար ընտրվել է մուգ նարնջագույն Mikan Blast ֆիրմային երանգը, թեպետ մեքենան հասանելի կլինի նաև Absolute Zero գույնով։ Յուրաքանչյուր գույնից կարտադրվի 450-ական օրինակ, իսկ կախված թափքի երանգից՝ կորոշվի նաև մեքենայի կողային հատվածներին ավելացվող Supra գրվածքի կոնտրաստային լուծումը։
Նորույթի հիմքում ընկած կլինի Premium Grade համալրումը, որն ի հավելումն արդեն իսկ հասանելի օպցիաների, կստանա բեռնախցիկին ամրացվող և կառավարվող հակաթև, 19-դյույմանոց սև անվասկավառակներ, սև ենթակիրներով արգելակային մեխանիզմներ և GR տարբերանշաններ։ Կապոտի տակ կտեղադրվեն թափքի՝ Mikan Blast գույնով իրականացված լրացուցիչ ամրաններ՝ Toyota Gazoo Racing տարբերանշանով։
Սպորտային այս մոդելը կպահպանի Toyota GR Supra-ի համար առաջարկվող 3,0-լիտրանոց 6-գլանանի տուրբոշարժիչը, որը զարգացնում է 382 ձիաուժ և 499 ՆՄ ոլորող մոմենտ։ 45th Anniversary Edition տարբերակը հասանելի կլինի ինչպես 8-աստիճան ավտոմատ, այդպես էլ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով։