Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌՈԴԵՈ՝ MERCEDES-Ի ՈՃՈՎ
02 Նոյեմբեր 2014

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ դժվար էր պատկերացնել, թե Ֆորմուլա 1-ի կայունությանն ինչ-որ բան կարող է սպառնալ: Սակայն Ճապոնիայի Գրան-Պրիից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ Ժյուլ Բյանկին, կարծես թե ամեն ինչ սկսեց ընթանալ վատթարագույն սցենարով: Marussia թիմն ընդհանրապես չմասնակցեց իր համար որոշակի առումներով տնային համարվող Սոչիի մրցափուլին, իսկ ԱՄՆ չժամանեց նաև Caterham-ը, որը հայտնվել է շատ ծանր ֆինանսական դրության մեջ: Սակայն անկախ պելոտոնը ցնցող զանազան միջադեպերից Mercedes-ը շարունակեց իր հաղթարշավը: Այս անգամ հաղթանակը բաժին հասավ Լյուիս Հեմիլթոնին, ով ամրապնդեց իր դիրքերն անհատական հաշվարկում:



Որակավորման փուլից առաջ պարզ դարձավ, որ Սեբասթյան Ֆեթելը ստիպված է լինելու՝ մրցավազքն սկսել պիթ-լեյնից: Աշխարհի գործող քառակի չեմպիոնի բոլիդի վրա ամբողջովին փոխարինվել էր ուժային սարքավորումը: Սա արդեն վեցերորդ նման դեպքն էր ընթացիկ մրցաշրջանում, ինչն արգելված է առաջնության կանոնակարգով: Բացի գերմանացուց տուգանքներ ստացան նաև Դանիիլ Քվյատը և Ջենսոն Բաթոնը: Իսկ որակավորման առաջին հատվածց հետո պայքարից դուրս մնացին Գրոժանը, Ֆեթելը, Գուտյերեսն ու Ժան-Էրիկ Վերնը: 




Երկրորդ հատվածն անցավ առանց ավելորդ միջադեպերի և ավարտվեց Ռոսբերգի հաղթանակով, իսկ հաջորդ փուլի սահամանգիծը չհատեցին Դանիիլ Քվյատը՝ Toro Rosso-յով, երկու Force India-ները՝ Սերխիո Պերեսն ու Նիկո Հյուլկենբերգը, և Lotus-ը ներկայացնող Պասթոր Մալդոնադոն, ում համար սա իրոք հաջող ելույթ կարելի է համարել: Սակայն բոլորին զարմացրեց Ադրիան Սութիլը, ով արագությամբ չփայլող իր Sauber-ով, կարողացավ նվաճել 10-րդ մեկնարկային հորիզոնականը: 




Որակավորման երրորդ հատվածում Ռոսբերգն ու Հեմիլթոնը երկու անգամ փոխանակեցին լավագույն արդյունքները, մինչ այն պահը, երբ գերմանացին սահմանեց 1.36.067 ցուցանիշը՝ մոտ չորս տասներորդականով առաջ անցնելով Լյուիսից: Սա Ռոսբերգի իններորդ փոուլն էր այս մրցաշրջանում: Մեկնարկային դաշտի երկրորդ շարքն ամբողջությամբ զբաղեցրին Williams-ի բոլիդները՝ համապատասխանաբար Վալթերի Բոթթասն ու Ֆելիպե Մասսան: 




Կիրակի մեկնարկը մի փոքր քաոսային ստացվեց՝ հիմնականում Սերխիո Պերեսի "հերոսությունների” պատճառով: Մեքսիկացին նախ  հարվածեց Ռայկկոնենի Ferrari-ին, իսկ այնուհետ բախվեց Սութիլին՝ ի ճիգ դարձնելով Ադրիանի նախորդ օրվա նվաճումը: Արդյունքում կազմակերպիչներն ստիպված էին մրցուղի հանել անվտանգության մեքենան, որը պիլոտներին իր հետևից տարավ հինգ շրջան: Բերնդ Մայլանդերի հեռանալուց հետո կրքերը հանդարտվեցին, և ամեն ինչ ընդհացավ սովորական հունով:




Մրցափուլի արդյունքների առումով վճռորոշ եղավ քսանչորսերորդ շրջանը, որի ընթացքում նախ Ֆերնանդո Ալոնսոն կարողացավ երկարատև պայքարից հետո առաջ անցնել Ջենսոն Բաթոնից, իսկ ամենակարևոր վազանցը տեղի ունեցավ պելոտոնի գլխամասում: Լյուիս Հեմիլթոնը 12-րդ շրջադարձում՝ ավելի ուշ արգելակելու շնորհիվ կարողացավ հայտնվել առավել նպաստավոր դիրքում և համարձակ մանևրով առաջ անցնել Նիկո Ռոսբերգից: 




Այդ պահից սկսած բրիտանացին վստահորեն վերահսկում էր թիամկցից եղած տարածությունը՝ թույլ չտալով վերջինիս նույնիսկ գրոհի հույսեր փայփայել: Ռոսբերգը բավարարվեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանով, իսկ երրորդն էլ բաժին հասավ այս մրցաշրջանի իսկական հայտնություն դարձած ավստրալացի Դանիել Ռիկկյարդոյին, ով հերթական 15 միավորը գրանցեց իր հաշվին՝ամրապնդելով իր դիրքը ընդհանուր հաշվարկում: Williiams-ի պիլոտներ՝ Վալթերի Բոթթասն ու Ֆելիպե Մասսան այս անգամ գրավեցին միայն չորրորդ և հինգերորդ տեղերը: Բացի վերը նշված մարզիկներից առաջին տասնյակում տեղ զբաղեցրին Ֆերնանդո Ալոնսոն, Սեբասթյան Ֆեթելը, Քևին Մագնուսենը, Պասթոր Մալդոնադոն և Ժան-Էրիկ Վերնը: Ի դեպ սա վենեսուելացի պիլոտի առաջին միավորներն էին այս մրցաշրջանում: 




Մեկ շաբաթ անց Մեծ Կրկեսը կհավաքվի Բրազիլիայում՝ պարզելու համար մրցաշրջանի նախավերջին փուլի հաղթողներին: Անկախ ամեն ինչից Չեմպիոնի կոչումը պարզ կդառնա միայն նոյեմբերի 23-ին՝ Աբու-Դաբիում:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio