Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ը ներկայացրել է ռետրոֆուտուրիստական էլեկտրական կոնցեպտ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 Հունիս 2023

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Vision One-Eleven անվանմամբ էլեկտրական սուպերկարը, որն առանձնանում է ռետրոֆուտուրիստական դիզայնով։ Այն հայտնի C11 մոդելի ժամանակակից տարբերակն է և, ինչպես իր նախորդը, սերիական շարունակություն չի ստանա։ Vision One-Eleven-ը սարքավորված է նորագույն սերնդի մարտկոցով, երկու էլեկտրական շարժիչով՝ սռնային մագնիսային հոսքով։ Դրանք ավելի փոքր և թեթև են, քան ավանդական էլեկտրական շարժիչները, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել ավտոմեքենայի կառուցվածքին։

 

 

Դեռևս նախորդ դարի 60-70-ականներին Mercedes-Benz-ը թողարկել էր մի քանի  սուպերկար՝ C111 անվանմամբ։ Դրանք կրում էին բացառապես փորաձարարական բնույթ, առանձնանում էին տարօրինակ թվացող ռոթորա-մխոցային և տուրբոդիզելային շարժիչներով, ինչպես նաև պոլիմերային թափքերով։ Դրանց առաջադեմ արտաքինը մինչ օրս կարող է հիացմունք արթնացնել, իսկ Mercedes-Benz Vision One-Eleven կոնցեպտը բացառիկ նոր շունչ է հաղորդում մոդելին։ Այստեղ պահպանվել են թե «ճայի թև» ոճի դռները, թե ցածր առաջնամասը, թե, նույնիսկ, թափքի պղնձա-նարնջագույն երանգը։ Ճիշտ է, ճաղավանդակը այժմ փոխարինված է պիքսելային էկրանով, իսկ մեքենայի գույնը փոխվում է՝ կախված լուսավորությունից։  

 

 

Vision One-Eleven-ի կերպարը թելադրված է One-Bow (բառացիորեն՝ «մեկ աղեղ») ֆիրմային ոճով։ Այն կիրառվում է թե EQ ընտանիքի սերիական էլեկտրամոբիլների, թե  Vision AVTR շոու-քարի լուծումներում։ Մեքենայի արտաքին տեսքը էլ ավելի արտահայտչական են դարձնում նեղ հետնամասը՝ «հենարան»-դիֆուզորով և անվակամարների մեջ կատարելապես ընդգրկված անիվները, որոնց պատկերը հիշեցնում է էլեկտրական շարժիչի ստատոր։ Սրահի լուծումները նման են բնակելի հյուրասենյակի, ընդ որում կահավորանքը կարող է փոփոխվել՝ կախված ընտրված ընթացքի ռեժիմից։ Լրամշակման մեջ կիրառված են նյութերի համարձակ համադրություններ՝ սինթետիկ սպիտակ գործվածք, նարնջագույն կաշի և հղկված ալյումին։  

 

 

Vision One-Eleven-ի նստատեղերի բարձերը անմիջապես հպված են հատակին, ինչի շնորհիվ ստեղծվում է մրցարշավային մեքենաներին բնորոշ էֆեկտ։ Իրականում, դրանց թիկնակները առանձնանում են կարգավորումների լայն ընտրությամբ, իսկ հարմարավետությամբ չեն զիջում  S-դասի մեքենաներին։ Թեպետ լայնաֆորմատ դիսփլեյը՝ 8-բիտանոց գրաֆիկայով, հարգանքի տուրք է մատուցում անցյալին, մոդելը հնարավորություն է տալիս օգտվել լրացված իրականության տեխնոլոգիաներից։   Magic Leap 2 ակնոցի շնորհիվ կոնցեպտի ներքին և արտաքին տարածությունը կարելի է վերածել օգտատիրական ինտերֆեյսի։ Տեխնոլոգիան թույլ  է տալիս իրական աշխարհ բերել թվային տարրեր, օրինակ՝ համատեքստային հուշումներ, ինչպես նաև տեսադաշտից հեռացնել «ավելորդ» տարրերը, օրինակ՝ տանիքի կանգնակները, կապոտը ու նույնիսկ հատակը։

 

 

Vision One-Eleven-ը սարքավորված է էլեկտրական ուժային ագրեգատով։ Մարտկոցի մեջ կիրառված է սկզբունքորեն նոր քիմիական կազմ, իսկ գլանաձև բջիջների համար օգտագործվում է հեղուկային հովացում։ Շարժման համար պատասխանատու են YASA մակնիշի երկու էլեկտրական շարժիչները, որոնք ստեղծում են սռնային մագնիսային հոսք։ Այսպիսի կառուցվածքը թույլ  է տալիս ստեղծել հզոր և միևնույն ժամանակ կոմպակտ սարքեր։  Vision One-Eleven-ի շարժիչի զանգվածը գրեթե երեք անգամ ավելի փոքր է, քան համարժեք հզորությամբ ավանդական էլեկտրական ագրեգատինը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ինժեներների և դիզայներների համար։  

 

 

Նման տեխնոլոգիայով աշխատող ագրեգատներ կիրառվում են նաև McLaren Artura մոդելում, իսկ ապագայում դրանք կտեղադրվեն նաև performance-շարքի սերիական Mercedes-ների վրա։ Հանգույցները կարտադրվեն Mercedes-Benz Berlin-Marienfelde գործարանում։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Vision One-Eleven-ը, սերիական դառնալու հավակնություն չունի, թեպետ որոշ լուծումներ կկիրառվեն նաև մակնիշի ապագա մոդելներում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio