ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն ներկայացրել է նոր կուպեատիպ քրոսովեր (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19 Հունիս 2023
Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Rafale անվանումը ստացած նոր դինամիկ քրոսովերը։ 1934 թվականին թողարկված մրցարշավային ինքնաթիռի պատվին իր անվանումը ստացած մեքենայի շնորհանդեսը կայացավ Լը-Բուրժեի ավիասալոնի շրջանակներում։ Rafale-ը մակնիշի գլխավոր դիզայներ՝ Ժիլ Վիդալի նախագծած առաջին մոդելն է և կոչված է չափորոշիչ ծառայել Renault-ի ապագա նորույթների համար։
Հինգտեղանի Renault Rafale-ը 4,7 մետր երկարությամբ քրոսովեր է, որը ընդամենը մեկ սանտիմետրով է ավելի կարճ, քան եռաշարք Escape-ը, թեպետ մեքենաների անվային բազան համընկնում է՝ 2738 միլիմետր։ Երկու մոդելների հիմքում էլ ընկած է հետևի բազմալծակ կախոցով CMF-C/D հենահարթակը, որի համար հասանելի է նաև օպցիոնալ լիակառավարվող շասսին։
Թեպետ արտաքինից Espace-ը և Rafale-ը առավելագույնս տարբեր են, սակայն սրահը գրեթե նույնական է՝ շփոթելու աստիճան։ Այստեղ նկատելի են տեղեկատվական-ժամանցային համալիրի 12,3- և 12-դյույմանոց էկրանները, անլար լիցքավորման մոդուլը, ինքնաթիռի կառավարման լծակ հիշեցնող բռնակը և հիմքերի հատվածում կտրված ղեկը։ Որպես օպցիա հասանելի են պրոյեկցիոն դիսփլեյը և 1,47 մետր երկարությամբ համայնապատկերային տանիքը, որի լուսաթափանցելիությունը կարելի է կարգարվորել։
Որպես բազային տարբերակ առաջարկվում է ինքնալիցքավորվող E-Tech հիբրիդը՝ երեք շարժիչով, եռալիսեռ փոխանցումատուփով և 1,2 լիտր ծավալով տուրբոշարժիչով։ Համակարգի պիկային հզորությունը կազմում է 200 ձիաուժ, քարշակումն իրականացվում է առջևի անիվներով, իսկ ընթացքի պաշարը հասնում է 1100 կիլոմետրի։ Այսպիսի Renault Rafale-ը սարքավորված է 2 կՎտժ տարողունակությամբ համեստ մարտկոցով և 400-վոլտանոց էլեկտրական համակարգով։ Հավելավճարի դիմաց հնարավոր կլինի ձեռք բերել 300 ձիաուժ հզորությամբ լիցքավորվող լիաքարշ հիբրիդը, որի ընթացային բնութագրերը դեռևս չեն բացահայտվում։
Եվրոպական շուկայում Renault Rafale-ը կհայտնվի 2024 թվականի գարնանը, իսկ քրոս-կուպեի արտադրությունը կսկվի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Ակնկալվում է, որ մոդելի հիմնական մրցակիցները կլինեն ֆրանսիական Peugeot 408 և Citroen C5X ֆաստբեքերը, սակայն արտադրողը մտապահում է նաև ավելի թանկ «գերմանացիներին»՝ Mercedes-Benz GLC Coupe, BMW X4 և Audi Q5 Sportback մոդելները։