ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իտալական Aehra ստարտափը ներկայացրել է իր առաջին սեդանը։
16 Հունիս 2023
Իտալական Aehra ընկերությունը ներկայացրել է մոդելային շարքի առաջին էլեկտրական սեդանը։ Սա մակնիշի երկրորդ մոդելն է, որին նախրոդել էր ուլտրապրեմիում սեգմենտի Aehra SUV ամենագնացը։ Երկու կոնցեպտներն էլ նախագծել է Lamborghini-ի նախկին գլխավոր դիզայներ Ֆիլիպո Պերինին, որը նաև գլխավորում է Genesis-ի ոճային կենտրոնը Եվրոպայում։ Ակնկալվում է, որ մեքենաները շուկա կհանվեն 2026 թվականին և կթողարկվեն տարեկան 25000 օրինակով և նվազագույնը 150000 դոլար արժեքով։
Aehra սեդանի բոլոր չորս դռները բացվում են դեպի վեր, ինչի շնորհիվ այն, ասես, նմանվում է բզեզի։ Տեսողաբար մեքենայի թափքը կարելի է բաժանել երկու պայմանական հատվածների։ Ստորին մասը հիմնականում բաղկացած է ակտիվ աերոդինամիկ և հովացնող տարրերից։ Վերինն, իր հերթին, արտացոլում է տիեզերական ոկորտով ոգեշնչված գծերի մաքրությունը։ Մեքենայի ուրվագիծը ձևավորված է մեկ չընդհատվող գծով։ Այս մոտեցումը որոշակիորեն հիշեցնում է մերսեդեսյան One-Bow կոնցեպտը, որի նորագույն մարմնավորումը կարելի է տեսնել Vision One-Eleven նախատիպի լուծումներում։
Մեքենաների ֆիզիկական կառուցվածքում Aehra-ն նախատեսում է օգտագործել տարատեսակ կոմպոզիտային նյութեր, այդ թվում վերջին ժամանակներում մեծ ճանաչում վայելող մամլած ածխապլաստիկը, կամ, ինչպես այն ընդունված է անվանել անգլալեզու աղբյուրներում՝ forged carbon-ը։ Ուժային ագրեգատը բաղկացած կլինի երեք էլեկտրական շարժիչից, որոնք միասին կզարգացնեն մոտ 800 ձիաուժ հզորություն։ Քարշային մարտկոցի հայտարարված՝ 120 կՎտժ տարողությունը պետք է բավարար լինի գրեթե 800 կմ անընդհատ ընթացքի համար։