Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը ներկայացրել է Project ZP նախագիծը՝ նվիրված անցյալի հաղթանակներին։
12 Հունիս 2023

Բրիտանական Jaguar ընկերությունը թողարկել է նոր E-Type մեքենաներ՝ ի նշանավորումն անցյալի փառահեղ հաջողությունների։ Project ZP անվանումը ստացած նախագիծը բաղկացած է յոթ զույգ կոպեներից և կաբրիոլետներից, որոնք նվիրված են 1961 թվականի մրցարշավներում Գրեմ Հիլի և Ռոյ Սալվադորիի տոնած հաղթանակներին։ Ավելի ուշ կթողարկվի նաև ժամանակակից Jaguar F-Type-ը՝ արդեն հիմնված  E-Type Project ZP շարքի վրա։

 

 

Սև տարրերով հագեցած Oulton Blue կաբրիոլետը նմանեցված է Գրեմ Հիլի երկդռնանի Indigo Blue գույնի մոդելին։ Սրահը լրամշակված է կարմիր գույնի Bridge of Weir կաշվով և Hardura գործվածքով, իսկ վարպետ-փորագրող Ջոնի «King Nerd» Դոուելը անոդացված ալյումինից պատրաստել է հատուկ հուշատախտակ, որի վրա պատկերված են ավտոմեքենայի ուրավգիծը, Oulton Park մրցուղին, վանդակավոր դրոշ, դափնեպսակի հատված և Հիլի ասացվածքը․ «Մրցավազքի ժամանակ իմ մեքենան դառնում է իմ մասը, իսկ ես՝ ձուլվում եմ ավտոմեքենանային»։

 

 

Ռոյ Սալվադորիի օրիգինալ Pearl Grey ավտոմեքենայի երանգով ոգեշնչված կուպեն առանձնանում է Crystal Grey գույնով, որն իր անվանումը ստացել է Crystal Palace մրցուղու պատվին։ Հենց այստեղ 1961 թվականի մայիսի 21-ին Սալվադորին տոնեց իր առաջին հաղթանակը E-Type-ի ղեկին։ Սրահը պաստառապատված է մուգ կապույտ  Bridge of Weir կաշվով՝ համապատասխան Hardura լրամշակմամբ։ Ուշադրություն են գրավում թղկու փայտից պատրաստված ղեկանիվը, ինչպես նաև կենտրոնական բարձակի ալյումինե տարրերը։ Այստեղ տեղադրված հուշատախտակին առկա են դափնեփսակի երկրորդ կեսի, Crystal Palace մրցուղու, ավտոմեքենայի ուրվագծի պատկերները, ինչպես նաև փորագրված է Ռոյ Սալվադորիի մականունը՝ «Թռիչքուղիների արքա»։

 

 

Երկու մոդելներն էլ պատրաստված են օրիգինալ նախատիպերի ճիշտ նմանությամբ, սակայն առանձնանում են ավելի բարձրորակ լրամշակմամբ, քանի որ պատմական սպորտկարերը նախատեսված չեն եղել առօրյա շահագործման համար։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի հետ առաջարկվում է հինավուրց սաղավարտ, որը նման է ժամանակին Հիլի և Սալվադորիի կրած սաղավարտներին։ Բացի այդ, հավաքածուն ներառում է հատուկ պայուսակ և թղթապանակ, որոնք կարված են այն նույն կաշվից, որն օգտագործվել է ավտոմեքենաների սրահի լրամշակման համար։  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio